Այսօր ԱԺ նստաշրջանին «ներկա» ստացան 81 պատգամավոր, և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ուշացողներին առաջարկեց անպայման գրանցվել, սակայն այդ ընթացքում Մանվել Բադեյանը, ներկա լինելով հանդերձ, չէր կարողանում գրանցվել։ Այս հանգամանքը բարկացրեց ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանին։ Վերջինս ասաց, որ եթե «կնոպկաներից» օգտվելու ձևը չգիտեն, լավ կլինի 10 րոպե շուտ ներկայանան, որ սովորեն: Նման իրավիճակում հայտնվեց նաև ՀՀԿ-ական պատգամավոր Միշա Ստեփանյանը. այս անգամ էլ Հովիկ Աբրահամյանն ափերից դուրս եկավ և առաջարկեց սովորել օգտվել կոճակներից, «մուննաթները մի կողմ թողնել» և նոր ներկայանալ ԱԺ:
Ինչևէ, Հովիկ Աբրահամյանը ԱԺ նստաշրջանում հայտնեց, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի կողմից առաջադրված ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը օրակարգ մտցնելու մասին մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել, սակայն ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, պատգամավորներ Ռուզան Առաքելյանը և Արա Նռանյանը խոսքի իրավունք վերցրին և առաջարկեցին պատգամավորներին կողմ քվեարկել:
Հովիկ Աբրահամյանն իր հերթին առաջարկեց 15, 30, 60, 90, 120 օրով հետաձգել մի շարք օրենսդրական նախագծերի ընդգրկումը ՀՀ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում: