Փախստականները և միգրանտները նպաստում են այն երկրների զարգացմանը, որոնք նրանց ընդունում են: Այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը El País թերթի համար երկուշաբթի հրապարակված հոդվածում:
Նա ընդգծել է «արդյունավետ հավաքական գործողությունների» անհրաժեշտությունը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար: Նրա խոսքով՝ փախստականներն իրենցից վտանգ չեն ներկայացնում, ընդհակառակը՝ «նպաստում են այն երկրների աճին և զարգացմանը, որոնք նրանց ընդունում են»: «Որքան լավ իրականացվի ժամանածների ինտեգրումը, այնքան մեծ ներդրում կունենան նրանք հասարակության զարգացման մեջ»,- նշել է Պան Գի Մունը:
Նա նաև կոչ է արել հրաժարվել փախստականների հանդեպ «խտրականությունից և անհանդուրժողականությունից»:
Պան Գի Մունը նշել է, որ «անհրաժեշտ է շտապ կրկնապատկել մաքսանենգների դեմ պայքարին ուղղված ջանքերը»: «Միգրանտների թիվը կավելանա»,- հավելել է Պան Գի Մունը: Միաժամանակ «միգրացիոն ճգնաժամը չի կարող որևէ պետություն մենակ լուծել», համոզված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:









































