Ստամբուլում ավարտվում է ըմբշամարտի համաշխարհային օլիմպիական վարկանիշային եզրափակիչ՝ 2-րդ մրցաշարը, որտեղ խաղարկվում են «Ռիո-2016»-ի ըմբշամարտի օլիմպիական վերջին 12 ուղեգրերը: Այդ ուղեգրերը բաժին են հասնելու 6 քաշային կարգերում եզրափակիչ մտած ըմբիշներին:
Մինչ այս մրցաշարը օգոստոսի 6-21-ը Ռիո Դե Ժանեյրոյում ընթանալիք ամառային օլիմպիկան 31-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք արդեն նվաճել էին ՀՀ ազատ ոճի ըմբիշներից 3-ը՝ Գառնիկ Մնացականյանը (57կգ), Գեորգի Կետոևը (97 կգ) և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: Ստամբուլում անցկացվող եզրափակիչ վարկանիշային մրցաշարում այսօր օլիմպիական ուղեգրերի քանակը փորձեցին ավելացնել ազատ ոճի ՀՀ ընտրանու ևս 3 անդամներ՝ 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), 2014թ Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանն (74 կգ) և 86 կգ քաշային, Եվրոպայի առաջնությունների կրկնակի փոխչեմպիոն (2011 թ և 2013 թ) և 2014 թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մուսա Մուրթազալիևն, ովքեր այս ստուգատեսում հանդես եկան մարզաձևի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ու նրա օգնականներ Հովսեփ Հովսեփյանի և Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ:
Ցավոք, օլիմպիական ուղեգիր նվաճելու մեր 3 պատվիրակի փորձն էլ անհաջող ստացվեց, ուստի նրանք հայրենիք են վերադառնում ձեռնունայն: Ընդ որում Դավիթն ու Մուսան պարտվեցին իրենց հենց առաջին գոտեմարտերում, իսկ Գրիգորը 1 հաղթանակ տոնելուց հետո, 1/8-րդ փուլում հաջողացրեց զիջել մրցակցին այն դեպքում և առաջին կեսի ավարտից վայրկյաններ առաջ հաղթում էր 8:0 հաշվով: Հետո կատարվեց անհավատալի ու աներևակայելին … և մեր ըմբիշը, ի վերջո, պարտվեց 8:18 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից:
Սպասելիքներ կային հատկապես Դավիթ Սաֆարյանից, սակայն 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը 1/16-րդ փուլում ամերիկացի Ֆրանկ Մոլինարոյի հետ գոտեմարտում պարտվում էր 0:3 հաշվով , ուժերի մեծ լարումով կարողացավ կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը՝ 2:3, սակայն ավելին անել նրան այլևս չհաջողվեց: 2013 թ աշխարհի չեմպիոնի օլիմպիական ուղեգիր նվաճելու 4 փորձերից և ոչ մեկը հաջողությամբ չպսակվեց, ու նա զրկվեց օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից:
Իսկ ստուգատեսում ՀՀ ընտրանու անդամների մասնակցությամբ մենամարտերում այսպիսի արդյունքներ գրանցեցին. 65 կգ, 32 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Դավիթ Սաֆարյան, Հայաստան-Ֆրանկ Մոլինարո, ԱՄՆ՝ 2:3: 74 կգ, 27 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Գրիգոր Գրիգորյան, Հայաստան-Անդրեյ Կարպաչ, Բելառուս՝ 11:0, 1/8-րդ փուլ, Գրիգոր Գրիգորյան, Հայաստան-Թեյմուրազ Ֆրիև Նասկիդաև Իսպանիա՝ 8:18: 86 կգ, 26 մասնակից, 1/8-րդ փուլ ՝ Մուսա Մուրթազալիև, Հայաստան- Վիլյամ Հարթ, Գերմանիա՝ 0:4: Այսպիսով Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիկան 31-րդ խաղերի ծրագրով ըմբշամարտի մրցաշարին, որ տեղի է ունենալու օգոստոսի 14-21-ը մասնակցելու են ՀՀ 7 ըմբիշ, նրանցից 4-ը հունահռոմեական ոճի, 3-ը՝ ազատ ոճի ըմբշամատի մրցաշարերում:
Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2012 թ Լոդոնի օլիմպիական 30-րդ խաղերում նույնպես ՀՀ 7 ըմբիշ էր մասնակցել, ու այն ժամանակ էլ հունահռոմեական ոճի ըմբշները ունեին՝ 4, ազատ ոճայինները 3 ներկայացուցիչ: Լոնդոնի օլիմպիական խաղերում հունահռոմական ոճի ըմբշներից Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) արժանացել էր արծաթե, իսկ Արթուր Ալեքսանյանը (96 կգ) ՝ բրոնզե մեդալի: Ազատ ոճայիններից լավագույնը՝ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանն էր, ով գրավել էր 7-րդ տեղը Հավելենք նաև, որ Արսեն Ջուլֆալակյանն այժմ արդեն 3-րդ անգամ է մասնակցելու օլիմպիական խաղերին, իսկ Արթուր Ալեքսանյանը՝ 2-րդ:









































