Ֆրանսիական արդարադատության մարմիններն այսօր ազատ են արձակել Ֆրանսիայի խոշոր հեռահաղորդակցական օպերատոր «Օրանժի» ղեկավար Ստեֆան Ռիշարին, ինչպես նաև ֆրանսիական պետական ընկերություններից մեկի տնօրեն Ժան-Ֆրանսուա Ռոկիին, որն անցյալում պատասխանատու է եղել Crédit Lyonnais բանկի միջոցների կառավարման համար: Նրանք ձերբակալվել էին երկուշաբթի՝ «Տապիի գործով» հետաքննության շրջանակում: Գործով անցնող գլխավոր անձ է հանդիսանում ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ռիշարը 2007-2011 թվականներին եղել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը: Այդ տարիներին գերատեսչությունը ղեկավարել է Լագարդը: Դատախազությունը կարծում է, որ Ռիշարը կարող էր հրահանգներ ստանալ ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեանից, որն այդ ժամանակ զբաղեցրել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ինչ վերաբերում է Ռոկիին, քննիչներին հետաքրքրում է այն, թե ինչու նա չի վիճարկել «Տապիի գործով» արբիտրաժային դատարանի որոշումը, երբ հայտնի է դարձել, որ դատավորներից մեկը ծանոթ է եղել հայցվորի փաստաբանի հետ:
Գործը ծագել է գործարար Տապիի և բանկի վեճի շուրջ: 1993 թվականին գործարարը Adidas-ի վաճառքը հանձնարարել է բանկին: Այն բանից հետո, երբ մարզական հագուստի ու աքսեսուարների խանութների ցանցը բարեհաջող վաճառվել է, ձեռնարկատերը բանկին մեղադրել է ընկերության արժեքը դիտավորյալ իջեցնելու մեջ և պահանջել է փոխհատուցել վնասը:
Լագարդը որոշել է միջամտել գործին, ինչի արդյունքում Տապին 403 մլն եվրո փոխհատուցում է ստացել:
2011 թվականին մի շարք խորհրդարանականների պահանջով հետաքննություն է սկսվել: Քննությամբ պետք է պարզվի, թե որքանով է հիմնավոր Լագարդի միջամտությունը:








































