ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի երեկվա նիստում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ներկայացրեց իր և Թևան Պողոսյանի համատեղ օրենսդրական նախաձեռնությունը Զինապարտության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Ռուբիկ Հակոբյանը նախագիծը ներկայացնելուց հետո հայտարարեց, որ իրենք այն հանում են շրջանառությունից, քանի որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդարանի վերջին քառօրյայի հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով իր հարցին՝ հայտնել է, որ կառավարությունը այս հարցով նախապատրաստում է օրեսդրական փոփոխությունների ավելի համակարգային փաթեթ, որը խորհրդարան կներկայացվի 10-12 օրից, և իրենց առաջարկությունները ևս ընդգրկված կլինեն այդ փաթեթում:
Պատգամավորներն առաջարկում են Զինապարտության մասին օրենքից հանել 14-րդ հոդվածը, որը վերաբերում է ուսումը շարունակելու նպատակով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալուն: Օրենքի այդ հոդվածը սահմանում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում են ստանում պետպատվերով պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: Հակոբյանի և Պողոսյանի առաջարկի իմաստն այն է, որ բուհում սովորելը զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմք չդառնա:
Ռուբիկ Հակոբյանը որպես իր նախագծի հիմնավորում հիշեցնում է, որ նման նախաձեռնություն խորհրդարանում առաջին անգամ չէ, որ ներկայացվում է, և հիշեցրեց, որ դեռևս 1996թ. խորհրդարանական մեծամասնության որոշ ներկայացուցիչների և ընդդիմության կողմից նման առաջարկի քննարկումը պատճառ դարձավ, որ այն ժամանակվա ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը հրաժարական ներկայացնի, և համաձայնվեց հետ վերցնել հրաժարականի իր դիմումը միայն այն բանից հետո, երբ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին համոզեց, որ այդ նախաձեռնության հետևում կանգնած պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հրաժարվի նախաձեռնությունից:
Հետագայում ևս եղել են նման փորձեր վերացնելու ուսման հիմքով տարկետում տրամադրելը, սակայն դրանք տարբեր պատճառներով չեն անցել: Որպես իր առաջարկի հիմնավորում Հակոբյանը ներկայացնում է նաև այսպիսի վիճակագրություն՝ ասպիրանտուրայում սովորողների 90 տոկոսը տղաներ են, սակայն ավարտելով ասպիրանտուրան՝ նրանց միայն 5-6 տոկոսն է զբաղվում գիտությամբ, իսկ մյուսների դեպքում պարզվում է, որ արդեն կայացած գործարարներ են: Հակոբյանը նկատի ունի, որ բուհ և հետո նաև ասպիրանտուրա մարդիկ ընդունվում են ոչ թե սովորելու կամ գիտությամբ զբաղվելու, այլ բացառապես բանակից տարկետում ստանալու համար: Այն մարդիկ, ովքեր միջոցներ չեն խնայում իրենց երեխաներին բանակից օրինական ճանապարհով ազատելու համար, օգտվում են հենց այս սողանցքից, որը իրենք նպատակ ունեն փակել այս նախաձեռնության միջոցով:
Ռուբեն Հակոբյանն ասում է, որ բացառիկ դեպքերում ուսանողներին կտրվի տարկետում, բայց դրա համար պետք է լինի կառավարության հատուկ որոշում: Դա այն դեպքում, երբ ուսանողը սպորտի կամ մշակույթի բնագավառում իրեն դրսևորած և միջազգային ճանաչում ստացած անձ է, կամ սովորում է ռազմական արդյունաբերության հետ անմիջականորեն կապ ունեցող մասնագիտությամբ, և ուսումը շարունակելուց հետո պարտավորվում է շարունակել աշխատել այդ բնագավառում: Մեզ հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ ամեն տարի պետպատվերով բուհեր է ընդունվում 1700 ուսանող, որոնցից արական սեռի են մոտ հազարը, և հենց այդքան թվով երիտասարդներ ստանում են տարկետման իրավունք:
Շատերը համարում են, որ վերացնելով ուսման պատրվակով տարկետում ստանալու արտոնությունը՝ կարելի է հասնել սոցիալական արդարության, քանի որ հարուստ խավի երեխաները հենց այս ճանապարհով են ազատվում զինվորական ծառայությունից: Երբ նրանց հարցնում են, թե ինչու իրենք կամ իրենց որդիները չեն ծառայել, նրանք կարողանում են հիմնավորել, թե ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակներում, ամեն ինչ օրինական է: Իսկապես բուհերի պետպատվերով տեղերում սովորում են ոչ թե առավել մեծ ընդունակություն և առաջադիմություն ունեցողները, այլ ավելի մեծ ֆինանսական և վարչական ռեսուրսի տիրապետող անձանց երեխաները:
Թվում է՝ բավարար է վերացնել այս արտոնությունը, և սոցիալական արդարությունը միանգամից կհաղթանակի, իսկ առաջնագծում սոցիալապես անապահով խավի երեխաների կողքին կհայտնվեն օլիգարխների, նախարարների ու պատգամավորների երեխաներն ու թոռները: Բայց պատգամավորների մի մասը կտրականապես դեմ է այս նախաձեռնությանը և այս տրամաբանությանը՝ համարելով, որ եթե բուհական համակարգում կա կոռուպցիա, և պետպատվերով տեղերը վաճառքի են հանվում բանակից տարկետում ստանալու ցանկություն ունեցողների համար, ապա դա չի նշանակում, որ տարկետման իրավունքի վերացումը ինքնին վերացնում է կոռուպցիան, այն բուհերից տեղափոխվելու է զինկոմիսարիատներ:
Մեր զրուցակից պատգամավորներից մեկն ասաց, որ եթե պետությունը ընդունակ չէ պայքարելու կոռուպցիայի դեմ, եթե ընդունակ չէ ստեղծելու այնպիսի ընդունելության համակարգ, որը կերաշխավորի, որ պետպատվերով տեղերը բաժին հասնեն առավել ընդունակ ու սովորող երիտասարդներին, ապա, միևնույն է, կոռուպցիան մեկ համակարգից կտեղափոխվի մեկ այլ ոլորտ, այդ գումարը Կրթության նախարարությունից կգնա Պաշտպանության նախարարություն:
«Տեսեք՝ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ շրջանում Խորհրդային Միությունը չէր զորակոչում ուսանողներին, այդ թվում և՝ հումանիտար մասնագիտություններով սովորողներին, քանի որ համարում էր, որ երկրին բացի զինվորներից՝ կրթված և գրագետ մարդիկ են պետք: Բայց խորհրդային այդ տարիների կրթական համակարգում կոռուպցիա չկար, և սովորում էին մարդիկ, ովքեր իսկապես սովորելու ցանկություն և ընդունակություն ունեին»,- ասաց մեր զրուցակից պատգամավորներից մեկը:
Տարկետման իրավունքի վերացման հակառակորդները համարում են, որ եթե այդ իրավունքը վերացվի, ապա արտոնյալ խավի երեխաները, միևնույն է, առաջնագիծ չեն գնալու, հնարավոր է նրանք զորակոչվեն, բայց կհամալրեն Պաշտպանության նախարարության շտաբային զինծառայողների բանակը, երբեք չեն լինի մարտական զորամասերում և երբեք չեն լինի այնտեղ, որտեղ իրական պատերազմ է և մահվան վտանգ: Բայց այդ դեպքում նրանք կկարողանան ասել, որ իրենք իբրև թե ծառայել են, կասեն, որ իրենք էլ են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, դրանով ավելի շատ վիրավորելով իրական զինվորների ինքնասիրությունը, քան բանակ չգնալով և չծառայելով:
Հետաքրքիր է, թե այս օրինագծի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կդրսևորի Դաշնակցությունը: Կրթության նախարարությունը բաժին է հասել այս կուսակցությանը և տարկետման իրավունքի վաճառքից առաջացող եկամտի մի զգալի մասը բաժին էր հասնելու այս կուսակցությանը: Եթե օրենքի փոփոխությունը տեղի ունենա այս ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև ընդունելության քննություններ, նշանակում է՝ ՀՅԴ-ն զրկվում է բազմամիլիոնանոց եկամտից իր մասը ունենալու հնարավորությունից:










































