Հունաստանը կդառնա առաջին զարգացած երկիրը, որը կկորցնի այդ կարգավիճակը: Ինչպես ասվում է համապատասխան վարկանիշը կազմած MSCI գործակալության մամլո հաղորդագրությունում, Հունաստանին կճանաչեն որպես զարգացող շուկա:
Մամլո հաղորդագրությունում նշվում է, որ երկրի տնտեսության ներկայիս վիճակը չի համապատասխանում զարգացած շուկաների չափորոշիչներին: Գործակալությունում ուշադրություն են դարձնում երկրի պարտքային մեծ բեռին, տնտեսության լճացմանն ու կապիտալի ներգրավման դժվարություններին:
Իջեցվել է նաև Մարոկկոյի կարգավիճակը: Պետությունը զրկվել է զարգացող շուկաների ցուցակում զբաղեցրած տեղից և ճանաչվել է անցումային շուկա: Միաժամանակ գործակալությունը բարձրացրել է ԱՄԷ-ի և Կատարի կարգավիճակը՝ հասցնելով զարգացողի:
Հունաստանը զարգացած շուկա է ճանաչվել 2001 թվականին: Ներկայում MSCI-ի վարկածով՝ զարգացած շուկայի ցուցակում 22 երկիր է ներառված:









































