ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը մասնակի բավարարել է լրագրողական երեք կազմակերպությունների դիմումը՝ ընդդեմ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի:
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ ակնհայտ, աներկբա, բարձրաձայն անձը վիրավորող հայտարարություն պատգամավորը չի արել: Այսինքն՝ հայհոյանքի փաստը մենք չենք համարում հաստատված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ դիմումը բավականին երկար քննարկվել է:
«Արձանագրում ենք նաև, որ լրատվամիջոցի ներկայացուցիչը, տվյալ դեպքում Փայլակ Փահրադյանը իր դիմելաձևով նույնպես չի պահպանել միջանձնային հարաբերությունների կոռեկտությունը, բայց նույնիսկ այդ պայմաններում մենք գտնում ենք, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ունենալ բոլոր այն անձանց հետ, որոնց հետ շփվում է իր լիազորությունների կատարման ընթացքում: Այդ իսկ պատճառով որոշում ենք կայացրել, որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը կանոնակարգով նախատեսված Էթիկայի կանոնների 6.1 կետի ը ենթակետով պահանջը, այն է՝ հարգալից վերաբերմունք բոլոր նրանց հետ ում հետ պատգամավորը պետք է շփվի իր պարտականությունները կատարելիս, խախտել է: Որոշումն ընդունվել է միաձայն»,- տեղեկացրեց Խ. Հարությունյանը:
Նա նաև լրագրողներին հիշեցրեց. «Մենք էլ ձեր ներկայությամբ լսում էինք, հայհոյանք չէր լսվում»:
Խ. Հարությունյանը նշեց նաև, որ Մհեր Սեդրակյանն ասել է, որ ինքը չի հայհոյել, պարզապես ցածրաձայն արտաբերել է. «Քո տղամարդ ասողի տերը թաղեմ»:
Հիշեցնենք, որ «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները դիմել էին հանձնաժողովին` քննելու համար Մհեր Սեդրակյանի պահվածքը, ով հայհոյել էր լրագրողին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































