Կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց Արցախի անկախությունը ճանաչելու մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագիծը: Այն ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Առաջիկայում ԱԺ-ն կքննարկի Արցախի ճանաչման օրինագիծը:
«Կառավարության եզրակացությունն այն է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջև բանակցությունների արդյունքով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շավարշ Քոչարյանը:
Շավարշ Քոչարյանն անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և վստահեցրեց, որ որոշ հատվածներ այնտեղ շատ հստակ են ասված. «Առաջինն այն է, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, որին մենք միանշանակ կողմ ենք, երկրորդ՝ որ պետք է դադարեցվի կրակի ռեժիմը, այնպես որ ամեն ինչ նորմալ էր»:
«Ինչ վերաբերում է ԼՂՀ ճանաչման խնդրին, ապա մեր դիրքորոշումը շատ հստակ է,- նշեց փոխնախարարը,- եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանակ կմտնի օրակարգ»:
Հարցին՝ արդյո՞ք ԼՂՀ անխակության ճանաչումը կնշանակի մինսկայն գործընթացի ավարտ. փոխնախարարը պատասխանեց. «Մինսկի խմբի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան, այլ ոչ թե մեր իրավական քայլերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































