Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն իր փաստաբանի միջոցով այսօր հայտարարել է, որ հրաժարվում է մոր կարողությունը ժառանգելու իրավունքից, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինչպես պարզաբանել է հանցագործի փաստաբանը, նման որոշման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Բրեյվիկը չի ցանկացել իր կարողությունը կորցնել հօգուտ զոհերի հարազատների, ինչպես նաև պետության:
2013թ. մարտին Բրեյվիկի մոր մահից հետո պետության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են Բրեյվիկին ժառանգած կարողությունը տրամադրել 77 զոհերի հարազատներին, որոնք սպանվել են ահաբեկչի կողմից 2011թ. ամռանը:
Բրեյվիկին ժառանգված գումարի հստակ չափը հայտնի չէ: Սակայն ավելի վաղ հաղորդվել է այն մասին, որ նրա մոր տունն աճուրդով կարող է վաճառվել 650 հազար դոլարով:
Բրեյվիկի մոր ժառանգած միջոցները կփոխանցվեն նրա խորթ քրոջը և բարեգործական ընկերություններին, որոնք նշված են կնոջ կտակում:










































