Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տվել վերացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան շուտափույթ կատարի դրա համար բոլոր պայմանները: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգարետ Վեստագերը:
«Եվրոպական հանձնաժողովը ԵՄ Խորհրդին և Եվրոպական խորհրդարանին այսօր առաջարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վերացնել վիզային պահանջները՝ հասկանալով, որ թուրքական իշխանությունները շուտափույթ կկատարեն վիզային ազատականացման պլանի պայմանները, ինչպես որ նրանք պայմանավորվել են 2016 թվականի մարտի 18-ին»,- ասել է նա:
Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմասը պարզաբանել է, որ հինգ կետեր պետք է կատարվեն մինչև հունիսի վերջ: Խոսքը կոռուպցիան կանխելու միջոցների, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի մասին բանակցություններ անցկացնելու և ԵՄ անդամ բոլոր երկրների հետ դատական համագործակցության մասին է:
Բացի դրանից՝ Անկարան եվրոպական չափորոշիչներին պետք է համապատասխանեցնի տվյալների պաշտպանության կանոններն ու վերանայի ահաբեկչության դեմ օրենսդրությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թուրքիան ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ստանալու համար պետք է կատարեր 72 պահանջ:









































