«1990 թվականի հոկտեմբերին 21-ին Սուրիկ Խաչատրյանը իր նմանների հետ խաբեությամբ առևանգում է, ապա նաև գազանաբար Գորիսում գտնվող մի շենքում խոշտանգում է մեր ազատամարտի նվիրյալներից մեկին` այդ ժամանակ ՀՅԴ մարտական ջոկատի հրամանատար Լեռմենտ Սարգսյանին և ինձ: Նրանք մեզ գազանաբար խոշտանգելուց հետո մոտ 30 ժամ պահում են այդ մասնավոր բանտում և սահմանամերձ բնակիչների ոտքի կանգնելուց հետո և ներքին գործերի նախարար Կառլոս Ղազարյանի միջամտության արդյունքում ստիպված մեզ ազատ են արձակում: Այդ ոճրագործության համար Գորիսի ներքին գործերի բաժին ենք ներկայացրել համապատասխան հայտարարություններ և բացատրություններ, բայց անցած ավելի քան 22 տարվա ընթացքում այդ ոճրագործությունների համար Սուրիկ Խաչատրյանը չի կրել պատասխանատվություն»,- Aravot.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`90-ականների գործունեությունը ներկայացրել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Իրենց խոշտանգելու պատճառը Գորիսի նախկին քաղաքապետը պայմանավորում է Գորիսում ահի մթնոլորտ ստեղծելու Ս. Խաչատրյանի մտադրությամբ. «Մեր ամբողջ կարողականությամբ փորձում էինք մասնակցել հայրենիքի պաշտպանությանը և մեր կյանքը վտանգելով` հակահարվածներ հասցնել ադրբեջանական գրոհայիններին, որոնք այդ ընթացքում գրոհում էին սահմանամերձ բնակավայրերի վրա: Ըստ ամենայնի, նրանց դուր չէր գալիս դա: Քանի որ օրեր հետո, պետք է տեղի ունենային Գորիսի քաղաքային և շրջանայաին խորհդի պատգամավորների ընտրություններ, թե ես թե ընկերս պատգամավորի թեկնածուներ էինք: Նրանց նպատակն էր` վերջ դնել մեր հեղինակության աճին: Մենք մարտական լուրջ ջոկատ ունեինք, և ըստ ամենայնի, այդ ջոկատի գոյությունն ու ու մեր հեղինակությունը խանգարում էր նրանց»:
Նրա խոսքերով, 1991-ին գորիսեցիներին ցնցեց Սուրիկ Խաչատրյանի մեկ այլ արարք. «Սուրիկ խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Օրհնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.- վրա:
Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից հղի է և երեխայի է սպասում: Սուրիկ Խաչատրյանը կրակում է, և Ա. Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, այնտեղ վիրահատում և հրաշքով փրկվում է նրա կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը չի հաջողվում փրկել: Այս հանցագործության համար նույնպես Սուրիկ Խաչատրյանը մինչ օրս չի կրել պատասխանատվություն»:
Պարոն Հարությունյանի պատմելով, 1999-ի մայիսին` Աժ ընտրություններից օրեր առաջ, իրեն` որպես պատգամավորի թեկնածու, և ՊՆ ներկայիս գեներալներից մեկին ներկայանում է նույն Ա. Մ.-ն ամուսնու հետ և փորձում է ցույց տալ իր պատառոտված որովայնը, իսկ իրենք նրան հորդորում են դիմել իրավապահներին. «Համոզում ենք դիմել իրավապահներին, հայտարարությամբ հանդես գալ, նրանց ներկայացնել համապատասխան ապացույցներ: Ըստ ամենայնի, Ա. Մ.-ն մինչ օրս վախեցել է դիմել իրավապահներին»: Պարոն Հարությունյանի խոսքերով, Սուրիկ Խաչատրյանը 1995-ին Գորիսում հրազենային կրակոցով ծանր վիրավորում է երիտասարդ Անուշավան Առուշանյանին. «Դրանից անմիջապես հետո վիրավորված քաղաքացուն տեղափոխում են Գորիսի հիվանդանոց, Սուրիկ Խաչատրյանի բանդայի ներկայացուցիչները մտնում են հիվանդանոց և կրակում են ռենտգենի կաբինետում, և այդ ոճրագործության համար նույնպես նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության»:
Հարցին, թե ի՞նչ պատճառով է կրակել երիտասարդի վրա, պարոն Հարությունյանը դժվարացավ պատճառը նշել. «Չգիտեմ` ինչու է կրակել: Իր համար արյուն թափելը հոբբի է»: Aravot.am-ը փորձել է զրուցել նաև Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց նա ամբողջ օրվա ընթացքում անհասանելի էր:









































