Stratfor վերլուծական կենտրոնն իր «Աշխարհաքաղաքական ճանապարհորդություն» ամենշաբաթյա հրապարակումներում այս անգամ անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ-ի շահերին:
Հոդվածագիր Ջորջ Ֆրիդմանը նշվում է, որ կա մի կետ, որտեղ երեք խոշոր տերությունները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Պարսկաստանը, հանդիպում են. դա Կովկասն է, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը:
Երկիրը սահմանակից է Ռուսաստանին և Իրանին: Հյուսիսից Ադրբեջանին սպառնում է սուննի իսլամիստական ահաբեկչությունը, իսկ իրանական կողմից՝ շիայական ահաբեկչությունը: Երկիրը հայտնվել է դժվարին վիճակում, և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհագրական դիրքը իրավիճակը դարձնում է ճգնաժամային:
Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ևս մեկ ռազմավարական արժանիք ունի՝ էներգիան: Ռուսաստանի ռազմավարությունը Եվրոպան ռուսական էներգիայից կախվածության մեջ գցելու և այդ կախվածությունը խորացնելու մեջ է: Տեսականորեն այն կարող է բարձրացնել Ռուսաստանի ազդեցությունն ու նվազեցնել Ռուսաստանի ազգային անվտանգության ռիսկերը: Ռուսաստանը չի ցանկանում, որ իր վերահսկողությունից դուրս գտնվող էներգիայի աղբյուրները հասանելի դառնան Եվրոպային:
Ադրբեջանը էներգիայի խոշոր արտադրող է: 19-րդ դարի վերջին աշխարհում արդյունահանվող նավթի կեսը բաժին էր ընկնում Ադրբեջանին:
Ռուսաստանի ազդեցությունն իր շրջագծում սահմանափակելու փորձը բխում է ԱՄՆ-ի շահերից: Վաշինգտոնը ցանկանում է կայունացնել արևմտամետ պետությունների վիճակն այն ժամանակ, երբ Եվրոպան թույլ է և անկազմակերպ: ԱՄՆ-ի շահերից է բխում նաև Իրանի իշխանության սահմանափակումը և Իրանում ադրբեջանցի բնակչության վրա ազդեցության պահպանումը: Սակայն ԱՄՆ իշխանությունն ու շահերը սահմանափակ են: ԱՄՆ-ը կարող է իրեն թույլ տալ աջակցել միայն այն երկրներին, որոնք առաջնային պատասխանատվություն են կրում իրենց ազգային անվտանգության համար:
Ահա թե ինչն է հետաքրքիր դարձնում ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները: Ադրբեջանը ռազմավարական դիրք ունի ԱՄՆ-ի հանդեպ թշնամաբար տրամադրված երկու պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի միջև: Ադրբեջանը դեպի Աֆղանստան փոխադրումներ կատարելու գործում ծառայել է որպես խոշոր տարանցիկ կետ: Ադրբեջանը ցանկանում է ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորություն ունենալ: ԱՄՆ-ը բազմիցս մերժել է դա: Ադրբեջանցիները դիմել են Իսրայելին, որի հետ սերտ կապեր ունեն:
ԱՄՆ-ը շարունակում է սահմանափակել իր զենքի հասանելիությունն Ադրբեջանին, չնայած ԱՄՆ դաշնակիցը լինելու համար երկիրն ունի բոլոր առանձնահատկությունները: Դրանցից մեկն էլ հենց Ռուսաստանի իշխանության սահմանափակումն է Եվրոպայի վրա՝ էներգիայի այլընտրանքի ապահովմամբ:
Զենքի սահմանափակումը երկու պատճառ ունի: Դրանցից մեկը ԱՄՆ-ի էթնիկ քաղաքականությունն է: Ուժեղ ամերիկահայ համայնքը թշնամաբար է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ Ղարաբաղյան հարցի պատճառով: ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբին ձախողել է հայկական կողմի ազդեցությունը չեզոքացնելու հարցում: Երկրորդ պատճառն այն է, որ իրավապաշտպանները կարծում են, թե Ադրբեջանի կառավարությունը ռեպրեսիվ է և կոռումպացված: Անկախ Ադրբեջանը ոսկոր է Ռուսաստանի և Իրանի կոկորդին և էներգետիկ աղբյուր՝ Թուրքիայի համար:
Ե´վ Հիտլերը, և´ Ստալինը հասկացել են, որ Բաքվի նկատմամբ վերահսկողությունը նշանակում է վերահսկողություն եվրասիական տարածաշրջանի վրա:
Հոդվածի ամբողջական տարբերակը կարող եք ընթերցել այստեղ:












































