ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրությամբ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման և Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար մայիսի 3-ին ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանին՝ ԱԺ նախագահի հուշամեդալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը պարգևներ է հանձնել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք աշխատակիցների: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, թանգարանի էքսկուրսավարներ Հայկուհի Գևորգյանը, Անժելա Թևեքելյանը, Աստղիկ Եդ իգարյանը, թանգարանի ցուցանմուշների պահապաններ Արփինե Ալեքսանյանը, Վարդուհի Շողերյանը, Հայոց ցեղասպանության թանգարանային կառույցի սպասարկման բաժնի վարիչ Թումաս Թումասյանը պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հանձնելով պարգևները և շնորհավորելով պարգևատրվածներին, շնորհակալություն է հայտնել Հայկ Դեմոյանին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին մեծածավալ և հայրենանվեր աշխատանքի համար: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ թանգարանի աշխատակիցների պրոֆեսիոնալ և հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ աշխարհի տարբեր անկյուններից թանգարան այցելած բազմաթիվ պատվիրակներին հասանելի և հասկանալի է դառնում մեկ դար առաջ հայերի հետ կատարված ողբերգությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհակալություն է հայտնել պարգևների համար՝ նշելով, որ դրանք պարտավորեցնում են հետագայում ավելի լավ աշխատել:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը թանգարանի անունից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թանգարանի կազմակերպած միջոցառումներին աջակցելու համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին պարգևատրել է «Ջեյմս Բրայս» ոսկե հուշամեդալով:









































