Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարում ավարտվել են 10-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանի մրցակիցը մրցաշարի հետնապահ Բելա Խոտենաշվիլին էր:
Պարտիայի 41-րդ քայլին Դանիելյանը և Խոտենաշվիլին համաձայնվել են ոչ-ոքիի: Այժմ Դանիելյանը 10 պարտիայից հետո ունի 4 միավոր և գտնվում է նախավերջին` 11-րդ տեղում: Մրցաշարի վերջին` 11-րդ տուրում, Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկի դեմ:
10-րդ տուրից հետո նաև պարզվել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Վալենտինա Գունինան, հաղթելով, մինչ այդ երկրորդ հորիզոնականում ընթացող Ժաո Քսյուին, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ դարձել է անհասանելի մոտակա մրցակիցների համար: Վերջին տուրում կայանալիք Գունինայի պարտիան լիովին ձևական բնույթ է կրելու:
Վերջին տուրից առաջ 4 շախմատիստուհիներ կիսում են 2-5-րդ հորիզոնականները, իսկ Էլինա Դանիելյանը վաստակել է 4 միավոր և ընթանում է 11-րդ հորիզոնականում:











































