Տարոն Մարգարյանն այսօր կերդվի Երևանի քաղաքապետի պաշտոնում: Երդմնակալության այդ արարողության հանդեպ հետաքրքրությունը բնականաբար այն չէ, ինչ նախագահական երդմնակալության ժամանակ էր: Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կուսակիցներն էլ այլընտրանքային երդմնակալության փոխարեն, այս անգամ Ազատության հրապարակում կազմակերպել են ընդամենը մամուլի ասուլիս: Նույնը չէ նաև քաղաքական ուժերի մասնակցության հանդեպ հետաքրքրությունը, այսինքն` ակտիվ հարցումներ չկան՝ մասնակցելու եք, չեք մասնակցելու, և այլն: Սակայն հարցեր հնչել են և քաղաքական ուժերը տարբեր պատասխաններ են տվել:
ՀԱԿ-ն ասել է, որ չի մասնակցի, ԲՀԿ-ն հայտարարել է, որ մասնակցությունը ըստ ցանկության է: Այսինքն` ինչպես նախագահական ընտրություններում: «Բարգավաճ Հայաստանի» համար սա իդեալական տարբերակն է, որովհետև ամբողջությամբ համաձայնելու դեպքում կուսակցությունը կկորցնի ընդդիմադիր իմիջի վերջին պատառիկները, իսկ չհամաձայնելու դեպքում էլ կկորցնի Երևանում ՀՀԿ-ի հետ կառավարման առևտրի հնարավորությունները, ինչով որ ԲՀԿ-ն զբաղված էր նախորդ քառամյակում, երբ ունենալով ավագանու խմբակցություն` ըստ էության ոչ մի պայքար չմղեց Երևանի կառավարման որևէ դրվագի հետ՝ կարծես ամեն ինչ հիանալի էր:
Ընդհանուր առմամբ, երդմնակալության հանդեպ քաղաքական ուժերի վերաբերմունքը տարօրինակ է: Նրանք մասնակցեցին ընտրություններին, լեգիտիմացրին Տարոն Մարգարյանի խայտառակ ընտրությունները որպես քաղաքական երևույթ, իսկ հիմա կրկին սկսել են ձևեր թափելու գործընթացը, թե ընտրությունները կեղված են եղել, և իրենք կեղծ ընտրությունների արդյունքում քաղաքապետ դարձող Մարգարյանի երդմնակալությանը չեն գնա: Իրականում այս վերաբերմունքը հերթական անգամ ցույց է տալիս այն ծաղրուծանակը, որին հասարակությանը ենթարկում են քաղաքական ուժերը:
Այսպիսով, Տարոն Մարգարյանի երդմնակալությունը հասարակության դեմ ծաղրի շարունակությունն է լինելու, որ սկսվել է դեռևս նրա քաղաքապետությամբ, երբ Երևանն ուղղակի գավառական ցոփությամբ պճնելով հանդերձ` այս քաղաքապետը սկսեց ուղղակի ծաղրել երևանցիներին: Մյուս քաղաքական ուժերը լռեցին, որևէ ձայն չհանեցին, որևէ կերպ չհիշեցին Երևանի խնդիրներն ու կառավարման կոռուպցիան, մինչև որ եկավ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակը:
Ընտրություններն ավարտվեցին, և Երևանը կրկին մոռացավ նրանց մեծ մասը, միանալով երդմնակալության շուրջ ծաղրուծանակին` կարծես իրենց մասնակցել-չմասնակցելն ինչ-որ արժեք ունի: Եվ այսպիսով, նրանք, ըստ էության, նաև այս ձևով են միանում այն ծաղրին, որի հրամանատարը արդեն երկար ժամանակ Տարոն Մարգարյանն է՝ Երևանի մասով իհարկե: Պատմությունն ինչպես տեսնում ենք, կրկնվում է` և հերոսների, և բովանդակության մասով: Կրկնվում է նաև տուժողների մասով, որը այս անգամ էլ Երևանն է ու երևանցիները, որոնց կշարունակեն կողոպտել Տարոնի, այսպես ասած, քաղաքաշինական ծրագրերն ու դիզայներական երևակայությունը:











































