Լոս Անջելեսից Տեխաս նահանգի Օսթին քաղաք չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը երկուշաբթի արտակարգ վայրէջք է կատարել Արիզոնա նահանգում՝ օդանավում տեղադրված ռումբի մասին անանուն զանգից հետո: Այս մասին գրում է Arizona Republic-ը:
Պարբերականի տվյալներով՝ 143 ուղևորներով օդանավը երկու կործանիչների ուղեկցությամբ վայրէջք է կատարել Ֆինիքս քաղաքի օդանավակայանում: Օդանավը դիմավորել են FBI-ի բազմաթիվ գործակալներն ու սակրավորների խումբը: Բարեհաջող վայրէջքից հետո ոստիկանները տարհանել են ուղևորներին և նրանցից յուրաքանչյուրին ենթարկել մանրազնին հարցաքննության: Օդանավի սրահը մանրակրկիտ ուսումնասիրվում է: Իրավապահները փորձում են պարզել սպառնալիքի համար պատասխանատու անձանց:
Հարցաքննության ավարտից հետո ուղևորները կկարողանան շարունակել թռիչքը: Միջադեպի հետաքննությունը շարունակվում է:










































