Բեռլինի 24-ամյա բնակչուհի Միշել Կոբկեն ամբողջ կյանքը դժգոհ է եղել իր մարմնից: Իր կարծրատիպերից ազատվելու ու իդեալական կազմվածք ունենալու համար նա 3 տարի կրել է մարմինը կիպ գրկող կորսետ, գրում է The Sun-ը:
«Ես կտրականապես չէի ցանկանում դիետա պահել, քանի որ գիտեի՝ դա անօգուտ է: Հարազատներս ասում էին, որ ես պետք է հպարտանամ իմ 64-սմ-անոց իրանով, բայց ես հայելու մեջ նայում ու լաց էի լինում»,- ասում է գերմանուհին:
Հանուն սեփական գեղեցկության Կոբկեն որոշել է արմատական մեթոդի դիմել: 3 տարի շարունակ աղջիկը գրեթե ոչ մի րոպե իր վրայից չի հանել նեղ կորսետը: Նա այնքան է հարմարվել կորսետին, որ դրանով անգամ պառկել է քնելու: Դա աղջկան բերել է բավական զգալի արդյունք՝ նրա իրանը դարձել է ընդամենը 40 սմ:
Նա մտադիր չէ կանգ առնել ու ցանկանում է գերազանցել ամերիկուհի Քեթի Յունգի ռեկորդը՝ 165 սմ հասակի պարագայում աղջիկն ունի 38,1 սմ իրան:
Բժիշկները Միշելի մեթոդին բացասաբար են վերաբերվում: Նրանց խոսքով՝ նիհարելու նման եղանակը կարող է լրջագույն վնաս հասցնել ներքին օրգաններին:











































