Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրում սպասում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ։
Քըլըչդարօղլուի խոսքերով՝ դրան են տանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության կայացրած որոշումները։ Քըլըչդարօղլուն այդ համատեքստում հիշեցրել է ԱԶԿ-ի ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) պատգամավորների միջև վերջին ծեծկռտուքը խորհրդարանում. «Խորհրդարանի նման կառույցում այդպիսի ծեծկռտուքի ականատես լինելը վշտացնում է մեզ»։
Նա նկատել է, որ խառը ժամանակներ են տիրում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ներսում, որը պատրաստվում է իր համագումարին, որում էլ կընտրեն նոր կուսակցապետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2019 թվականին։ Նույն թվականին երկրում պետք է անցկացվեն նաև ՏԻՄ ու նախագահական ընտրություններ, ինչն աննախադեպ կլինի Թուրքիայի պատմության մեջ, որ մեկ տարում անցկացվի միանգամից 3 ընտրություն։









































