Կահիրեի քրեական դատարանը 2011թ. հեղափոխության օրերին ցուցարարների մահվան գործի դատաքննության այսօրվա նիստում վճռել է բանտից ազատ արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիներին, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Նրանց կարող են ազատ արձակել, եթե այլ գործով մեղադրյալներ չեն»,- հայտարարել է դատավորը:
Նախկին նախագահի որդիները, որոնք ինչպես և իրենց հայրը, գտնվում են Տորայի բանտում, կրել են նախնական կալանքի թույլատրելի ժամկետները: Եգիպտոսի օրենսդրության համաձայն՝ մեղադրյալին չի կարելի բանտում պահել ավելի քան 18 ամիս, եթե նրան չի սպառնում ցմահ ազատազրկում կամ մահապատիժ:
Մուբարաքի որդիների դեմ հարուցված են քրեական գործեր ապօրինի ճանապարհով հարստանալու և պետական միջոցները վատնելու վերաբերյալ: Այդ պատճառով, չնայած դատարանի վճռին, նրանք նախկինի պես կալանքի տակ կմնան:








































