ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, որն անհանգստացած է Բաշար Ասադի ռեժիմի արագ առաջխաղացմամբ, այս շաբաթ կարող է որոշում ընդունել սիրիացի ապստամբներին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, ինչպես նաև կշեռքի նժարին կդնի Սիրիայում ոչ թռիչքային գոտի ապահովելու համար մերձավորարևելյան այդ երկիր ռազմաօդային ուժեր ուղարկելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ներկայում Սիրիայում գտնվում են «Հըզբոլլահի» 5000 մարտիկներ, որոնք, ինչպես ենթադրում են Սպիտակ տան պաշտոնյաները, օգնում են ռեժիմին շարունակելու հարձակումը՝ անցած շաբաթ լիբանանյան սահմանին մոտ գտնվող Ալ-Կուսեյր քաղաքի գրավումից հետո:
Սպիտակ տան անվստահությունը կապված է այն բանի հետ, որ Վաշինգտոնը մտադիր չէ օգնել «Ալ-Քաիդային» և նրա հետ կապված այլ ծայրահեղականների, որոնք նույնպես կռվում են Ասադի դեմ՝ ընդդիմադիր ճակատից:









































