Գերմանիայի կառավարության՝ անձնական տվյալների պաշտպանության հարցերով լիազորված ներկայացուցիչ Փիթեր Շարը հայտարարել է WDR հեռուստաալիքին, որ դաշնային կառավարությունը պետք է ջանքեր ներդնի՝ վերջ տալու ամերիկյան վարչակազմի գաղտնի ծրագրի գործողություններին: Ծրագրի շրջանակում Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ազգային անվտանգության գործակալությունը հասանելիություն են ստանում համացանցային ընկերությունների սերվերներին:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ու «Միություն-90/Կանաչներ» ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել կանցլեր Անգելա Մերկելին բարձրացնել համացանցային գաղտնի լրտեսումների թեման հունիսի 18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Բեռլին կատարելիք այցի ժամանակ:
Բունդեստագում «Կանաչների» խմբակցության ներկայացուցիչ, ցանցային քաղաքականության փորձագետ Կոնստանտին ֆոն Նոցի խոսքով՝ Վաշինգտոնի ենթադրյալ գործողությունները հակասում են ինչպես եվրոպական, այնպես էլ գերմանական իրավունքին:
Եվ քանի որ ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիաների ծառայություններից օգտվում են ողջ աշխարհում, վերահսկողության խնդիրն ակտուալ է ոչ միայն ամերիկացիների համար:








































