ԱՄՆ-ում բողոքի մեծ ալիք է բարձրանում՝ հեռախոսային գաղտնալսումների և համացանցային խոշոր ծառայությունների օգտատերերի վերաբերյալ անձնական տվյալների հավաքման պատճառով: Երկրում խոսում են այն մասին, որ նախագահ Բարաք Օբաման պետք է հրաժարական տա: Համացանցում արդեն համապատասխան հանրագիր է հայտնվել:
«Նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական էր տվել, երբ գաղտնալսել էր ընդամենը մի քանի լրագրողների: Նրա նկատմամբ իմփիչմենթ հայտարարվեց: Մենք Օբամային կոչ ենք անում հեռանալ: Նրա վարչակազմը Ազգային անվտանգության գործակալությանը թույլ է տվել հետևել միլիոնավոր ամերիկացիների և խախտել է չորրորդ ուղղումը, որն առնչվում է անձնական տվյալների պաշտպանությանը: Օբաման առգրավել է լրագրողների անձնական գործերը՝ խախտելով մամուլի և խոսքի ազատությանն առնչվող առաջին ուղղումը: Նրա վարչակազմը ստել է Կոնգրեսի առջև երդմնակալելիս: Առանց Կոնգրեսի համաձայնության՝ ներխուժել է Լիբիա և անօդաչու սարքերով բազմաթիվ գաղտնի հարվածներ հասցրել: Դրանք շատ լուրջ հանցագործություններ են, և մենք կոչ ենք անում Օբամային հրաժարական տալ»,- նշվում է հանրագրում:
Նախօրեին լրատվամիջոցները իմացել էին, որ Սպիտակ տան թույլտվությամբ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հետևում են Skype-ի, Facebook-ի, Gmail-ի և Twitter-ի օգտատերերին: Օբաման փորձել է բացատրել, որ դա անհրաժեշտ է ընդհանուր անվտանգության համար, բայց այդպես էլ չի կարողացել համոզել:








































