Տրանսպորտի թանկացման հարցը դեռ չի քննարկվում, սակայն մասնագետները հաշվարկներ են կատարում` պարզելու համար գազի թանկացման ազդեցությունը տրասպորտային ծախսերի վրա: Այս մասին Երեւանի ավագանու առաջին նիստից հետո հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Տրանսպորտի թանկացման հետ կապված մասնագետներն աշխատում են, մասնագետների աշխատանքից հետո, տնտեսագետների հաշվարկից հետո նոր մենք հայտարարությամբ հանդես կգանք։ Հիմա պետք է հաշվարկները կատարենք, որ հասկանանք՝ արդյո՞ք թանկանալու է, թե չի թանկանալու»,-ասաց քաղաքապետը։
Տ. Մարգարյանը նաև ասաց, որ երկուշաբթի կհայտարարվի քաղաքապետարանի դիմացի հրապարակի, Ֆրանսիական, Բրազիլական և ծայրամասային մի շարք հրապարակների համար բաց մրցույթ։ «Մասնագիտական կարծիք է անհրաժեշտ ճարտարապետների կողմից, պետք չէ միշտ վատը նայել էդ ամենին, իրականում մրցույթը կայանալու դեպքում, դա չի նշանակում, որ հաջորդ օրը քայլեր են ձեռնարկվելու այդտեղ։ Մրցույթը կարող է արդյունք չտալ, մրցույթը կարող է իրականում այն արդյունքը տալ, որն ընդունելի լինի մեր երևանցիների կողմից։ Ես վստահեցնում եմ, որ բացի ճարտարապետների կարծիքից, կլինի նաև երևանցիների կարծիքը։»,-նշեց Տարոն Մարգարյանը։ Նա խոսել է նաև Փակ շուկայից:
«Ովքեր օրենքը խախտեցին, ովքեր փորձեցին Երևան քաղաքի ճարտարապետությունը և դիմագիծը փչացնել, անպայման, օրենքի շրջանակներում պատժի կենթարկվեն։ «Փակ շուկայի» դեպքում իրավական երկու արձանագրություններից հետո անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեցին ու ապամոնտաժման աշխատանքներ կատարվեցին»,-ասաց քաղաքապետը։











































