Ներդրող Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը eBay ինտերնետ-աճուրդում վաճառվել է 1 միլիոն 100 հազար դոլարով: Հունիսի 7-ին ավարտված աճուրդից ստացված եկամուտները կփոխանցվեն բարեգործության:
Բաֆեթը ամեն տարի աճուրդի է հանում իր հետ ճաշելու իրավունքը: Նախորդ տարվա համեմատ ներդրողի հետ հանդիպման գինը զգալիորեն նվազել է: 2012թ. eBay-ում Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը վաճառվել է 3.45 միլիոն դոլարով, ինչը ռեկորդ է եղել:
Բաֆեթի հետ ճաշելու աճուրդն անցկացվում է Glide բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, որն օգնում է Սան Ֆրանցիսկոյի անտուն և կարիքավոր մարդկանց: Աճուրդի կանոնների համաձայն` հաղթողը Բաֆեթի հետ ճաշին կարող է բերել մինչև 7 ընկեր: Ճաշը կայանում է Նյու Յորքի Smith & Wollensky ռեստորանում պայմանավորված օրը: Խոսակցության միակ թեման, որը Բաֆեթը հրաժարվում է քննարկել բարեգործական ճաշին, միջոցների ներդրման վերաբերյալ խորհուրդներն են:
Ուորեն Բաֆեթը հայտնի է որպես Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր:






































