«Համագործակցություն 2013» խորագիրը կրող միջազգային մարաթոնի շրջանակներում Երևանում հունիսի 2-9-ը անցկացվում է սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոն: Մարաթոնին մասնակցելու համար Երևան է եկել շուրջ 20 անձ՝ Ուկրաինայից և Ռուսաստանից:
Մինչ մարաթոնը լրագրողների հետ հանդիպեցին հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Պրն Ասատրյանը ողջունեց ծրագիրը և շեշտեց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին:
Նա նշեց, որ հաշմանդամություն ունեցող աշխատանքային տարիքի անձանց միայն 9 տոկոսն է աշխատում, իսկ ընդհանուր թվով Հայաստանում կա շուրջ 180 հազար հաշմանդամ:
2010 թվականին, երբ Հայաստանը վավերացրեց ՄԱԿ-ի կոնվենցիան, հաշմանդամություն ունեցող անձանց համար պիտի աշխատանքային տեղեր ապահովեին: Այժմ արդեն այդ գործընթացը սկսվել է: Այն գործատուները, ովքեր չեն ցանկանա իրենց ընկերությունում ունենալ հաշմանդամ աշխատող, պարտավոր են փոխարենը գումար վճարել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային տեղեր բացվեն:
Նման մարդկանց համար փոփոխություններ են արվել նաև կրթական համակարգում: Ներմուծվել է ներառական կրթություն համակարգը, ինչպես նաև բուհ ընդունվելիս հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է հաշմանդամություն ունեցող դիմորդին:
Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարել» ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Բուդյուկինն ասաց, որ իրենք շուրջ երեք տարի պատրաստվել են նախաձեռնությունն իրականացնելու համար և շատ ուրախ են, որ այժմ Հայաստանում են: Նա պրն Ասատրյանին պարգևատրեց իրենց ասոցիացիայի մեդալով և շնորհակալություն հայտնեց հաշմանդամների հանդեպ լավ վերաբերմունքի և հյուրընկալության համար:










































