Հնդկացիները, որոնք բողոքում են Ամազոնի ավազանում հիդրոէլեկտրակայանի շինարարության դեմ, ներխուժել են Բրազիլիայի կառավարության շենք, սակայն հետ են մղվել անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Ինչպես հայտնել են բրազիլական ԶԼՄ-ները, ավելի վաղ Մունդուրուկու ցեղի հնդկացիները, որոնք բնակվում են Պարա նահանգում, օկուպացրել էին Բելո Մոնտե շրջանում Շինգու գետի վրա ՀԷԿ-ի շինարարության հրապարակը: Դրանից հետո նրանք նամակ էին ուղարկելԲրազիլիայի կառավարությանը՝ պահանջելով վերջ դնել աշխատանքներին: Երկրի ռազմաօդային ուժերի 2 օդանավեր ցեղի 148 անդամների երեքշաբթի բանակցությունների համար տեղափոխել էին մայրաքաղաք:
Իրավասու մարմինների հետ հանդիպման ժամանակ նրանց վստահեցվել էր, որ իրենց կարծիքը հաշվի կառնվի, բացի այդ՝ խոստացվել էր, որ ևս մեկ անգամ կանցկացվեն նախագծի շուրջ փորձագիտական խորհրդակցություններ: Հնդկացիներն անբավարար էին համարել հայտարարությունը, և որոշել էին մինչ վերջնական որոշման ընդունումը մնալ մայրաքաղաքում:
Ուրբաթ նրանք ցանկացել են մտնել կառավարության շենք՝ հերթական միջնորդության փոխանցման նպատակով, սակայն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կանգնեցվել են: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ եթե հնդկացիները չեն ցանկանում մոտ ժամանակներս լքել մայրաքաղաքը, ապա նրանց տունդարձի համար այլևս տրանսպորտ չի տրամադրվի:









































