Ռուս-վրացական վեցամսյա երկխոսության արդյունքը դարձել է վրացական արտադրանքի համար Ռուսաստանի շուկայի բացումը: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետի ռուս-վրացական հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Նա մեկնաբանել է Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ իր հերթական հանդիպման մանրամասները:
«Մենք հենց սկզբից պայմանավորվել ենք, որ երկխոսությունը վերաբերելու է միայն առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և մարդասիրական հարցերին: Սակայն քանի որ անցած շաբաթ իրավիճակը վարչական սահմանին զգալիորեն սրվել է, մենք չենք կարողացել շրջանցել այդ թեման, չնայած նման հարցերի վերաբերյալ առկա է ժնևյան ձևաչափ: Մենք խորին անհանգստություն ենք հայտնել՝ կապված բաժանարար գծում ստեղծված իրավիճակի հետ: Պարոն Կարասինը նշել է, որ լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկի հարցի ուսումնասիրման համար, այդ թեմայով մանրամասն խոսակցություն կկայանա Ժնևում, հունիսի 26-27-ը»,- ասել է Աբաշիձեն:
Նա նաև անդրադարձել է վրացական ապրանքների՝ ռուսական շուկա վերադարձի հարցին՝ նշելով, որ հունվարի 1-ին «Կազբեկի-Լարս» անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, ինչպես նաև կկարգավորվեն երկաթուղով արտադրանքների փոխադրման հարցերը:
«Բորժոմի» և «Սաիրմե» հանքային ջրերն արդեն հայտնվել են Ռուսաստանում, և այդ գործընթացն ավելի ինտենսիվ է դառնում: Աբաշիձեի խոսքերով՝ վեց ամսում իրենք հասել են վրացական արտադրանքների համար ռուսական շուկայի բացման: Նրա խոսքերով՝ սրանք փակուղային վիճակից դուրս գալու առաջին քայլերն են, և փուլ առ փուլ, փոքր քայլերով իրենք կկարողանան կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները:









































