Մինչ այն պահը, երբ Աբովյան քաղաքում եկեղեցու բացման արարողության ժամաակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր հայտարարել, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, կուսակցության պատգամավորներն առիթը բաց չէին թողնում քննադատելու կառավարության և վարչապետի գործունեությունը: Վերջին շրջանում ԲՀԿ-ականներն ավելի զգուշավոր են դարձել: Ավելին, «Առավոտ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ում ներքին հրահանգ կա՝ զուսպ արտահայտվել:
Երեկ թերթը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ է մտածում մամուլի այն հրապարակումների մասին, համաձայն որոնց՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը օֆշորային գոտում գրանցված ընկերության բաժնետերեր են ու բանկային հաշիվներ ունեն: «Ինչպես շատ երկրներ, մենք էլ պիտի ունենանք օրենք պետական չինովնիկների կամ գործիչների ունեցվածքը կարգավորել-կանոնակարգելու մասին, որպեսզի Օրանք իրենց ֆինանսական միջոցները պահեն Հայաստանում, իսկ դրսում եղածի մասին դեկլարացիա ներկայացնեն: Սա օրենքով պետք է կարգավորել»,- նման պատասխան է տվել ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ գործն իրավապահների դաշտում է, և նրանք պետք Է զբաղվեն:









































