«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը իր ղեկավար Ուսամա բեն ԼԱդենի սպանությունից հետո կարծես փորձում է «վերադառնալ բնականոն կյանքին»: Եվ վերջին հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Երեկ իսլամիստական կայքերում հայտնվել է հաղորդագրություն, համաձայն որի, Մաղրիբի երկրներում (Արևելյան Սահարա, Մավրիտանիա, Մարոկո, Ալժիր, Թունիս, Լիբիա) այդ կազմակերպության մասնաճյուղն իր վրա է վերցրել պատասխանատվությունը արաբական երկրներում սկսված հեղափոխությունների համար: Այս մասին հաղորդել են համաշխարհային լրատվամիջոցները` հղում անելով իսլամիստական կայքերի դիտարկման ամերիկյան SITE Intelligence Group կազմակերպությանը:
«Իրադարձությունները, որոնք ցնցել են արաբական աշխարհը, ոչ այլ ինչ են, քան ջիհադի արդյունքներից մեկը: Այս գործընթացում առաջնային դեր է խաղացել շեյխը (Ուսամա բեն Լադենը.– 1in.am)»,- ասված է «Ալ-Քաիդայի» հյուսիսաֆրիկյան մասնաճյուղի հայտարարության մեջ: Տեղեկացնենք, որ խոսքը Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Մարոկկոյում, Ալժիրում տեղի ունեցող իրադարձությունների մասին է, որոնց արդյունքում երկու երկրների նախագահներ հրաժարական են տվել, իսկ մյուս երկրներում իրավիճակը բավական սրված է: