Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի և կնոջ՝ Լյուդմիլայի ամուսնալուծության որոշակի մանրամասներ: Այս կապակցությամբ նա հայտարարությամբ հանդես է եկել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
Պեսկովը «շշուկներ և բամբասանք» է անվանել խոսակցություններն այն մասին, որ Պուտինը կարող է ամուսնալուծությունից հետո ամուսնանալ մեկ այլ կնոջ հետ:
«Բացարձակ բարդ չէ նույնիսկ անփորձ աչքով նայել Պուտինի աշխատանքային ժամանակացույցին, և դուք կհասկանաք, որ նրա կյանքը ոչ մի կերպ կապված չէ որևէ ընտանեկան հարաբերություններով: Այն կապված է միայն այն պարտականության հետ, որը նա կրում է որպես պետության ղեկավար»,- ասել է Պեսկովը:
Նախագահի մամլո քարտուղարը նաև հայտարարել է, որ չգիտի, թե Պուտինը երբ է նախատեսում ամուսնությունը լուծարելու դիմում ներկայացնել ՔԱԿԳ: Նա լրագրողներին առաջարկել է չներխուժել Լյուդմիլա Պուտինայի անձնական կյանք ամուսնալուծությունից հետո:
Հիշեցնենք, որ հայտարարությունն այն մասին, որ իրենց ամուսնությունն ավարտված է, Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները արեցին հունիսի 6-ի երեկոյան՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:








































