Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը կատարել է թուրք-մեսխեթցիների հանդեպ իր պարտավորությունները:
«Հայրենադարձության մասին օրենքի հիման վրա Վրաստան է վերադարձել մոտ 5500 մուսուլման-մեսխեթցի: Դա նաև վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին:
Մենք օրենք ընդունեցինք այն անձանց հայրենադարձության մասին, որոնք բռնի տեղահանվել են Վրացական ՍՍՀ-ից: Այդ կարգավիճակն արդեն իսկ կիրառվել է ավելի քան 1500 հարկադիր վերաբնակի հանդեպ:
Բացի այդ, 479 ադրբեջանցիներ օգտվել են հայրենադարձության իրավունքից և կարող են ստանալ Վրաստանի քաղաքացիություն: Սա շարունակական գործընթաց է:
Ներկա դրությամբ իրավապահ մարմինները հետաքննել են 1940-ական թվականներին բռնագաղթված անձանց Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու հարցը: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս այդ հարցերի շուրջ կընդունվի դրական որոշում»,- հայտնել է նա:
2007 թվականի հունիսի 22-ին Վրաստանի խորհրդարանն օրենք է ընդունել Վրաստանի հարավում բնակված և Միջին Ասիա տեղահանված թուրք մեսխթեցիների հայրենադարձության մասին:
Հիշեցնենք, որ Վրաստանը, 1999 թվականին անդամակցելով Եվրոպայի Խորհրդին, նրա առջև պարտավորություն է ստանձնել լուծելու 1944 թվականին Ստալինի հրամանով անհուսալի տարր ճանաչված և Վրաստանից արտաքսված թուրք-մեսխեթցիների վերադարձի հարցը։ Նրանք մեղադրվել են թշնամուն աջակցելու, մաքսանենգությամբ զբաղվելու և թուրքական հետախուզության համար լրտեսներ հավաքագրելու համար և խորհրդային իշխանությունների կողմից տեղահանության են ենթարկվել և բնակեցվել Միջին Ասիայի հանրապետություններում՝ Ուզբեկստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում։









































