Տնտեսական անկայուն վիճակ, աղքատության բարձր մակարդակ, արտագաղթ, ազգային անվտանգության արտաքին սպառնալիքներ: Հայաստանի առջև ծառացած բազում խնդիրներից այս կարևորների թվում է նաև ազգային անվտանգության ներքին սպառնալիքները: Կոռուպցիայի մասին թերևս շատ է խոսվել, ու ղարաբաղաադրբեջանական սրացումներից հետո բոլորի համար էլ ավելի ակնհայտ դարձավ երկրում առկա կոռուպցիոն դրսևորումների վտանգները:
Կոռուպցիոն ռիսկերի մասին պատկերացում կարելի է կազմել ուսումնասիրելով փոքրիկ պետական բյուջեից կատարված ճոխ հատկացումների ցանկը:
Հայաստանի Հանրապետության 19 նախարարությունները միասին 2015 թվականի պետական բյուջեից գործուղումների համար ծախսել են մոտ 250 մլն դրամ, որոնց մեծ մասը բաժին է ընկնում բիզնես դասով ուղևորություններին:
Օրինակ՝ դեկտեմբերին Երևան-Մոսկվա-Երևան չվերթի համար հարկատուների գրպանից ֆինանսների նախարարությունը վերցրել է 2 մլն 500 հազար դրամ:
Ընդ որում, 6 հոգանոց պատվիրակությունից 1-ը ուղևորվել է բիզնես դասով, որն արժեցել է գրեթե է 900 հազար դրամ, իսկ ահա մյուս 5 անդամների չվերթը` էկոնոմ դասով, արժեցել է ընդամենը 305 հազար դրամ: Հետքրքրական է, որ նշված 2.5 մլն-ից 1.3 մլն մնացորդի ծախսման նպատակը փաստաթղթերում նշված չէ:
Ավիափոխադրումների համար նախատեսված գումարների մսխման մասին է վկայում նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի կատարած վերջին ուսումնասիրությունը, որի համաձայն, օրինակ՝ ԴԱՀԿ-ն պարբերաբար ավիասպասարկման ծառայության համար գումարներ է փոխանցում «Ինվենտ Սերվիս» ՍՊԸ-ին, որը սակայն ծավալում է բացառապես ինժեներական գործունեություն:
Հայաստանի գերատեսչությունները գումար չեն խնայում նաև փոստային ծառայությունների համար:
Բյուջեից ոստիկանությանը տարեկան տրամադրվում է 36.5 մլրդ դրամ, որից ոստիկանությունը տարեկան մոտ 350 մլն դրամը հատկացնում է փոստային ծառայություններին:
Սփյուռքի նախարարությունն իր հերթին փոստային ծառայության համար ծախսում է մոտ 15 մլն դրամ:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նկատում է՝ Մեծ Բրիտանիայում, որի կազմի մեջ են մտնում Անգլիան, Ուելսը, Հյուս. Իռլանդիան և Շոտլանդիան, պաշտոնյաներին սպասարկում է ընդամենը 190 ծառայողական մեքենա, Հայաստանում դրանց թիվը 1072-ն է:
Բոստանջյանը ընդգծում է՝ պետական բյուջեից 20 տոկոսը հատկացվում է միայն պետական ապարատի պահպանման ծախսերի համար:
Իրավիճակը գնահատելու համար հարկ է նկատել, որ բյուջեից պետական ապարատի պահպանման համար տրամադրված գումարը, որի մեջ մտնում են վերը նշված ճոխ գործուղումները, ծառայողական ավտոմեքենաները, 21-րդ դարում փոտային ծառայության վրա ծախսված գումարները, ուղիղ համեմատական են 10-ից ավելի անօդաչու սարքերի, կամ 2-3 հատ «Սոլնցեպյոկ» հրթիռային համակարգի, կամ օրինակ, 50 հատ «Գրադ» կայանքի հետ:











































