Ներկայումս պայմաններ են ստեղծվում ԴԱԻՇ-ի լրիվ ոչնչացման համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը France Info ռադիոկայանի եթերում:
«Անցած շաբաթ ես եղա ճակատային գծում՝ Լևանտ շրջանում, մասնավորապես՝ Բաղդադում և Քրդստանում, Հորդանանում զրուցեցի ռազմական գործողություններին մասնակցող ֆրանսիացի օդաչուների հետ: Կարող եմ ամփոփել, որ ներկայումս ԴԱԻՇ-ը նահանջում է, ընդ որում՝ դա զգալի նահանջ է: ԴԱԻՇ-ը կորցրել է ավելի վաղ Իրաքում և Սիրիայում զբաղեցրած տարածքի 30-40%-ը: Դա շատ է»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ «պետք է շարունակել ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ուղղված գործողությունները»: «Միջազգային կոալիցիան իր առաջ նպատակ է դրել Մոսուլն ու Ռաքքան ազատել մինչև տարվա վերջ: Դա պայքար է, որը պետք է վարել ամենավճռական ձևով: Ես կարծում եմ՝ ներկայումս պայմաններ են ստեղծվում ԴԱԻՇ խմբավորման լրիվ ոչնչացման համար»,- նշել է Ժան-Իվ Լե Դրիանը:









































