«Լավրովը գալիս է ոչ թե պատասխան ստանալու, այլ քննարկվելու է մեր հարաբերությունների լայն շրջանակ, և բնականաբար չի կարող շրջանցվել, այն էլ Ադրբեջանի ագրեսիայից հետո, իրավիճակը՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հարցի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա հավաստիացրեց, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ կապված ԼՂ հակամարտության հարցի շուրջ բանակցությունների հետ, չի փոխվել. «Ավելին՝ ներկա վիճակում հնարավոր չէ հաշվի չառնել այն կեցվածքը, այն ագրեսիան, որ Ադրբեջանն իրականացրեց՝ խախտելով արդեն առկա եռակողմ համաձայնագիրը: Նա նաև նշեց, որ դիրքորոշում ասելով՝ նկատի ունի այն, ինչ առաջարկում են համանախագահները, որի հիմքում ընկած է փոխզիջումային տարբերակը՝ հավելելով, որ դա իհարկե հայկական կողմի երազած տարբերակը չի եղել:
Ապագա բանակցային գործընթացը, Շ. Քոչարյանի դիտարկմամբ, պետք է ելնի երկու հանգամանքից, առաջին՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, զինադադարը պետք է պահպանվի, և պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը հակառակ իր իսկ միջազգային պարատավորությանը, կարող է խախտել պայմանավորվածությունը : Հետևաբար նա հետագայում էլ կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:











































