Նախագահ Օբաման օգտակար է համարում հատուկ ծառայությունների գործունեության ընթացքում վիճելի պահերի քննարկումը: Այս մասին հաղորդում է Ria-Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստին:
«Նախագահը ողջունում է քաղաքացիական ազատության և անվտանգության հարաբերակցության մասին քննարկումները: Նա, սակայն, մտադիր է օգտագործել բոլոր հասանելի միջոցները, որպեսզի ապահովի Միացյալ Նահանգների անվտանգությունը»,- ասել է Էռնեստը:
Հիշեցնենք, որ Guardian թերթը հայտնել էր, որ ազգային անվտանգության գործակալությունն ավելի քան 1 ամիս առաջ դատարանից երկրում խոշորագույն բջջային Verizon կապի բիզնես բաժանորդների հեռախոսազրույցները լսելու թույլտվություն էր ստացել՝ մինչև այս տարվա հուլիսի 19-ը: Գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել է, որ Կոնգրեսը տեղեկացված է եղել այդ մասին, ինչը հաստատել են հետախուզական հանձնաժողովից 2 սենատորներ:










































