ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հրապարակել է կանխատեսում երկրում արհեստական երկրաշարժերի սպառնալիքների մասին: Երկրաֆիզիկոսները, մասնավորապես, հայտնել են մարդկանց թիվը, որոնք դրա պատճառով պոտենցիալ վտանգի մեջ են: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին գիտնականները խոսել են ամերիկյան սեյսմոլոգիական միության հանդիպմանը, որն անցկացվում է ապրիլի 20-22-ին Նևադա նահանգի Ռինո քաղաքում:
Ներկայացված զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ում մոտ 7 մլն մարդ, որոնք ապրում են գլխավորապես երկրի կենտրոնական և արևելյան հատվածներում, ներկայումս ապրում են արհեստական երկրաշարժերից տուժած շրջաններում: Ըստ մասնագետների՝ ստորգետնյա ցնցումները կարող են կրկնվել:
Օրինակ՝ Օկլահոմա նահանգի կենտրոնական մասում և Կանզասի հարավում տարվա ընթացքում 4,5 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի առաջացման 5-12% հավանականություն կա: Երկրաշարժերի ռիսկի են ենթակա նաև Տեխաս, Արկանզաս, Կոլորադո, Նյու Մեքսիկո, Օհայո և Ալաբամա նահանգների հատվածները:
Արհեստական երկրաշարժերի ճնշող մեծամասնությունն առաջանում է ֆրեքինգի հետևանքով (պլաստի հիդրավլիկ ճեղքում), երբ բարձր ճնշման տակ ստորգետնյա հանքահորեր է իջեցվում խառնուրդ, ինչի հետևանքով գազը կամ նավթը հասնում են մակերևույթ: Սովորաբար ստորգետնյա ցնցումների պատճառ է դառնում ոչ թե հենց ֆրեքինգը, այլ ստորգետնյա հորիզոններ ավելորդ ջրերի հասնելը, որտեղ գտնվում են լայն ու վտանգավոր ճեղքեր:








































