Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով ենթակոմիտեի ղեկավար Ելենա Վալենսիանոն ողջունել է Ադրբեջանի իշխանությունների այն որոշումը, որն առնչվում է երկու հանրահայտ իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների՝ երկիրը լքելու թույլտվությանը:
«Ես ողջունում եմ Ադրբեջանի իշխանությունների որոշումը, որով Լեյլա և Արիֆ Յունուսներին թույլատրվել է լքել երկիրը: Կարծում եմ, որ դա դրական և հումանիտար նշանակալից միջոց է, որին հասավ Եվրոպական խորհրդարանը՝ հաշվի առնելով Լեյլա և Արիֆ Յունուսների առողջական վատթարացող վիճակը:
Ուրախ եմ, որ այժմ ապահովված կլինեն նրանց կանոնավոր զննումներն ու բուժումը: Եվրոպական խորհրդարանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանում մեր գործընկերների հետ՝ լուծելու համար մեր երկկողմ օրակարգի բազմաթիվ բարդ հարցեր, այդ թվում նաև մարդու իրավունքների հարցը»,- ասել է նա:











































