Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վաչե Ստեփանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
25-ամյա պայմանագրային զինծառայող, կոչումով՝ ավագ լեյտենանտ Վաչե Ստեփանյանի գործը քննել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Համլետ Դավթյանի նախագահությամբ:
Վաչե Ստեփանյանը հանդիսանալով դասակի հրամանատար, նշանակված լինելով մարտական հերթապահության՝ որպես հենակետի պատասխանատու, լինելով պաշտոնատար անձ՝ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 17-ի սահմաններում դիրքի դիտակետում տեսել է, որ իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, տվյալ հերթափոխին որպես դիտորդ կարգված ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Պապոյանի մարտական հանդերձանքը խախտված վիճակում է՝ հանդերձանքի վրայից հանված են նռնակները, ինչպես նաև նրան ամրակցված նռնակների կափարիչի վրա առկա է քերծվածք:
Խախտելով ԶՈՒ կարգապահական կանոնագրքի հոդվածների պահանջները, «խստապահանջ սպայի տպավորություն թողնելու, որպես հրամանատար՝ ինքնահաստատվելու, վարկանիշը բարձրացնելու շարժառիթներով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանները՝ Վաչե Ստեփանյանը կատարել է իշխանազանցություն: Նա հայհոյել է զինվորին, ծեծի ենթարկել՝ մեկ անգամ ապտակել է, երկու անգամ ծնկով հարվածել նրա ազդրին՝ պատճառելով ձախ ազդրի «հետտրավմատիկ օսիֆիկացված միոզիտի» ձևով միջին աստիճանի վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Նախաքննական մարմնի եզրակացությամբ՝ Վաչե Ստեփանյանն իր հանցավոր գործողություններով «էական վնաս է պատճառել զինվորական ղեկավարման գործունեության բնականոն ընթացքին, զինվորական պետերի, պաշտոնատար անձանց կողմից ծառայողական գործառույթների իրականացման հաստատված կարգին, ոտնահարել է Մհեր Պապոյանի իրավունքներն ու ազատությունները, հեղինակազրկել պետական զինվորական իշխանության մարմինները»:
Իր մեղքը լիովին ընդունող ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել ամբաստանյալի անձը՝ նա դրական է բնութագրվել հրամանատարության կողմից, նախկինում ոչնչով արատավորված չի եղել, զղջացել է կատարածի համար, տուժողը չի բողոքել:
Վաչե Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 2 տարի ազատազրկման: Կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել 1 տարի փորձաշրջան:
Պայմանական դատապարտության կիրառման դեմ առարկել ու վերաքննիչ բողոք էր բերել մեղադրանքի կողմը:
Ըստ վերաքննիչ բողոքի՝ Վաչե Ստեփանյանը տուժող զինվորի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ Ստեփանյանի հարվածի արդյունքում կտրվել է տուժող Պապոյանի ոտքի ջիլը: Երկար ժամանակ է պահանջվել երիտասարդի ապաքինման համար:
Բացի այդ, բողոքը վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորող դատախազն ընդգծեց, որ Վաչե Ստեփանյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանը բարձր է նաև, քանի որ նա զինվորին հարվածելուց ու վնասվածք պատճառելուց հետո պահանջել է, որ նա հայտարարի՝ իբր ոտքը վնասվել է բետոնե պատին հարվածելու արդյունքում: Մոտ մեկ ամիս անց, երբ զինվորի ոտքը սկսել է ուժեղ ցավել, նա չի կարողացել քայլել, նոր տեղափոխվել է բուժկետ և հայտնել իրականությունը:
Վերաքննիչ դատարանում Վաչե Ստեփանյանը հայտնեց, թե խորապես գիտակցել է իր սխալը: Նա հայտնեց, թե պահի տակ զայրացել ու չի տիրապետել իրեն, որովհետև նռնակները հանդերձանքի վրայից հանելը, դրանց հետ անփույթ վերաբերվելը կարող էին վտանգավոր իրավիճակ ստեղծել ոչ միայն տվյալ զինվորի, այլև ամբողջ հենակետի, այնտեղ ծառայություն իրականացնող բոլոր զինվորների համար:
Ստեփանյանը հայտնեց նաև, թե շարունակում է ծառայությունը, այլևս երբեք ձեռք չի բարձրացնում զինվորի վրա, ուժ չի կիրառում, այլ միմիայն հետևում է կանոնագրքի կանոններին:
ԶՈՒ հրամանատարությունը դրական էր բնութագրել Ստեփանյանի՝ հանցագործությունից հետո կատարած ծառայությունը և միջնորդել էր նրան դատապարտել ազատազրկման հետ չկապված պատժի՝ հնարավորություն տալով երիտասարդ սպային ծառայությամբ ուղղելու թույլ տված սխալը, առանց հասարակությունից ու ծառայությունից մեկուսացվելու՝ քավելու մեղքը:
Վերաքննիչ քրեական դատարանը հաշվի առավ հրամանատարության միջնորդությունը, մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ:
Վաչե Ստեփանյանը մեկնեց ծառայության վայր՝ խոստանալով այլևս երբեք զինվորների նկատմամբ բռնություն չգործադրել ու ամբաստանյալի կարգավիճակում դատարանում չհայտնվել:









































