Քառօրյա պատերազմից հետո ռազմական ագրեսիայի վտանգը Ադրբեջանի կողմից պահպանվում է, բայց Հայաստանի, այսպես կոչված, «դաշնակից» Ռուսաստանի քաղաքականությունն այսօր ավելի վտանգավոր է Հայաստանի համար:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Այսօր ամենամեծ վտանգը Հայաստանի համար Ռուսաստանի դավաճանությունն է»:
Քաղաքագետը մեկնաբանել է Բաքվի հայտարարությունը, թե առաջիկա օրերին սպասվում են ինտենսիվ բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը նախաձեռնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ռուսաստանը հասկացնում է թե՛ Մինսկի խմբին և թե՛ հակամարտող կողմերին, որ ինքն է պատասխանատու բանակցային գործընթացի համար»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը
– Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի հայտարարությունը, թե առաջիկա օրերին սկսվելու են «ինտենսիվ բանակցություններ» ղարաբաղյան հարցով: Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ այդ գործընթացի նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, որն այդ հարցով դիմել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին:
– Սա Մոսկվայի հերթական քայլն է՝ Ռուսաստանի դիվանագիտական նախաձեռնության արդյունքում Մոսկվայում ապրիլի 5-ին կրակի դադարեցման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո: Առավել հատկանշականն այն է, որ այս հայտարարությունն անում է ոչ թե Մոսկվան, այլ Բաքուն: Միայն այն փաստը, որ Ադրբեջանի նախագահի խորհրդականն է հայտարարում և գրեթե ողջունում է այդ նախաձեռնությունը, խորը մտահոգության տեղիք է տալիս: Շատ մեծ վտանգ կա, որ Ռուսաստանն այժմ կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Ադրբեջանը ցուցադրեց իր ռազմական ագրեսիան, և այդ ռազմական վտանգը պահպանվում է, բայց Հայաստանի, այսպես կոչված, «դաշնակից» Ռուսաստանի քաղաքականությունն ու պահվածքը այսօր ավելի վտանգավոր են:
– Պուտինի այս նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներո՞ւմ է, թե՞ սա ինչ-որ զուգահեռ գործընթաց է՝ Ռուսաստանի հովանու ներքո:
– Կարծում եմ՝ բանակցությունները կլինեն Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում: Ռուսաստանը զգուշավոր է գործելու՝ ներգրավելով կողմերին Մինսկի խմբի ձևաչափի միջոցով, բայց իրականում սա ավելի շատ Ռուսաստանի նախագահի դիվանագիտական նախաձեռնությունն է: Նմանատիպ նախաձեռնություններ մենք տեսել ենք նախորդ մի քանի տարիներին: Օրինակ՝ հիշում ենք 2014թ. օգոստոսյան բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիի կամ Կազանի հանդիպումը Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ: Ռուսաստանը հասկացնում է թե՛ Մինսկի խմբին և թե՛ հակամարտող կողմերին, որ ինքն է պատասխանատու բանակցային գործընթացի համար:
– Կարելի՞ է եզրակացնել, որ քառօրյա պատերազմի արդյունքների գլխավոր շահառուն Ռուսաստանն էր:
– Շատ առումներով միակ երկիրը, որն օգուտ քաղեց հակամարտության վերջին սրացումից, իհարկե, Ռուսաստանն է, որը չի թաքցնում, որ մտադիր է ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին՝ նպաստելով լարվածության հետագա աճին և վտանգի ավելացմանը: Երկրորդ հաղթողը, դժբախտաբար, Իսրայելն է, որն իրականում ավելի շատ է շահում Ադրբեջանին սպառազինելուց: Բայց ակնհայտ է, որ այսօր ամենամեծ վտանգը Հայաստանի համար Ռուսաստանի դավաճանությունն է՝ հաշվի առնելով, այսպես կոչված, ռազմավարական դաշնակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Նկատի ունեմ Լավրովի, այսպես կոչված, խաղաղության ծրագիրը, որով նախատեսվում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ շրջակա տարածքներից մեկ կամ երկուսը զիջելու համար: Դրանից հետո կպարտադրվի խաղաղության գործընթաց Ռուսաստանի միջնորդությամբ: Սա չափազանց վտանգավոր է:



































