Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել կատարել Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններն ու գտնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում:
Ագրամունտը, բացելով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, հայտարարել է. «Անընդունելի է, որ Բեռլինյան պատի անկումից 25 տարի անց եվրոպական ընտանիքի անդամներին նախկինի նման բաժանում են հակամարտությունները: Այս ամսվա սկզբին հակամարտության բռնկում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, ինչը շփման գծում հանգեցրեց մեծ թվով մարդկային զոհերի, այդ թվում նաև՝ քաղաքացիական անձանց:
Ես դատապարտում եմ բռնությունն ու ափսոսանք եմ հայտնում մարդկային զոհերի կապակցությամբ»: Ագրամունտն ընդգծել է, որ միջազգային հանրության կողմից բռնությունը դադարեցնելու հստակ կոչերի շնորհիվ վերստին հաստատվել է փխրուն հրադադար:
ԵԽԽՎ ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու կողմն էլ պետք է ապահովեն հակամարտության ապաէսկալացիա ու դադարեցնեն կրակը. «Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը պետք է կատարեն ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները և գտնեն քաղաքական կամք, որպեսզի հասնեն իրենց բաժանող հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Նա հիշեցրել է, որ ԵԽ-ը չունի ԼՂ-ում իրավիճակի կարգավորման անմիջական մանդատ, սակայն ենթադրել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է օգնել դիրքորոշումների մերձեցմանը. «Ես այսուհետ նույնպես զբաղվելու եմ այդ հարցով՝ որպես առաջնահերթություններից մեկը»:









































