Երեկ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնցից հանրային ուշադրության կենտրոնում էին Հրազդանի քաղաքապետի ընտրությունները:
Բանն այն է, որ այստեղ թեկնածու էր առաջադրել ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ընդ որում, առաջադրել էր ոչ սովորական, այլ Հրազդանի համար բավականին մրցունակ կամ, ավելի ճիշտ, հաղթող թեկնածու՝ Սասուն Միքայելյանին: Ինտրիգը խորացնում էր և թեկնածուն, և նաև այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանրության առաջ հանդես է գալիս ընտրական գործընթացներում մասնակցության նոր մոդելի առաջարկ-գաղափարով, որը հայտնի է, պայմանական ասած, 6000 վստահված անձ անվանումով: Եվ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները նաև այս առումով հանրային ընկալման մեջ դիտվում էին որպես այդ մոդելի որոշակի փորձարկման հնարավորություն:
Ապրիլի 17-ին Հրազդանում ՀՀԿ-ն փորձարկեց կամ ավելի շուտ՝ հերթական անգամ գործարկեց ընտրակեղծարարության իր մոդելը՝ հայտնի, ավանդական, ինչի արդյունքում էլ ամրագրեց իր թեկնածուի պաշտոնական հաղթանակը՝ մոտ 2000 ձայնի առավելությամբ:
Այդպիսով՝ 6000 վստահված անձ պայմանական անվանումով մոդելը, համենայնդեպս՝ այս մասով, ստացվեց անարդյունավետ կամ, այսպես ասած, նվազ մրցունակ, եթե, իհարկե, կարելի է այստեղ խոսել մրցակցության մասին, երբ իշխանության զենքը բացառապես շարունակում է մնալ անօրինականությունը;
Այստեղ ահա, սակայն, իրավիճակը կանգ է առնում հանրությանն առաջարկվող նոր մոդելի երկրորդ մասի վրա՝ որքանո՞վ է արդյունավետ լինելու ընտրությունների արդյունքների բողոքարկման իրավական, դատական գործընթացի մասը:
Բանն այն է, որ առաջարկվող մոդելի առանցքային հանգամանքներից մեկը դիտվում է այն, որ ընդդիմությունները մինչ այժմ ունեցել են կեղծիքները արձանագրելու փաստագրական բազայի դեֆիցիտ, իսկ 6000 վստահված անձի տարբերակը պետք է ապահովեր այդ դեֆիցիտի բացակայությունը: Եվ այժմ նաև փաստորեն իրավիճակը կանգնում է հենց այս պլան Բ-ի առաջ:
Սա, իհարկե, ընդհանուր գնահատմամբ, քանի որ այս ամենով հանդերձ՝ բանականաբար, ՏԻՄ և համապետական ընտրությունների նույնականացումը կամ բացարձակ նույնականացումը, իհարկե, այդքան էլ արդարացված չէ: Համապետական ընտրություններում ոչ միայն մասշտաբներն են այլ, այլ նաև մի շարք գործոններ հանրային ընկալումների, մոտիվացիայի և տարբեր այլ բաղադրիչների առումով: Սակայն, մյուս կողմից, հստակ է, որ զուտ ընտրակեղծարարության մեխանիզմի առումով տեխնիկական նույնականացումը ակնհայտ է:
Հետևաբար 2017 թվականին ընդառաջ՝ եթե թվում էր, որ Հրազդանը կարող է լինել հանրային ոգևորության օջախ, որը կտարածվի արդեն այլ տեղեր, ապա այժմ արդեն Հրազդանը կարող է հանգեցնել հակառակ հանրային տրամադրությունների: Այստեղ ոչ միայն արձանագրվեց «Քաղաքացիական պայմանագրի» առաջարկած մոդելի արդյունավետության խնդիրը, որն, իհարկե, դեռ ունի վերը բերված պլան Բ-ի մասը, այլ նաև արձանագրվեց մեկ այլ իրողություն՝ Հայաստանում ընդդիմադիր դաշտի ճգնաժամի շարունակությունը, երբ հնարավոր չեղավ պայմանավորվել և իշխանությանը համատեղ, միասնական ճակատով դիմագրավել ու հետ մղել գոնե մեկ քաղաքում:
Միևնույն ժամանակ, հերթական անգամ հասարակության առաջ կանգնեց հարցը, թե արդյոք ընդհանրապես նպատակահարմա՞ր է ապավինել ընտրական մեխանիզմներին, եթե չկա դրանք տնօրինողների փոփոխություն: Մյուս կողմից՝ մեծ հաշվով որևէ անհաջողություն չպետք է դառնա հանրային նոր ապատիայի ալիք: Անհաջողությունները պետք է լինեն դասեր քաղելու, հետևություններ անելու, նոր ուղղություններ, տարբերակներ, մեխանիզմներ գտնելու, ընդհանուր առմամբ՝ հանրային հասունացման աղբյուր:
Ստացվել է մի իրավիճակ, որ Հայաստանում նույնիսկ այս հարցում մինչ այժմ արդյունավետությունը եղել է խիստ ցածր:
Լուսանկարը՝ armtimes.com-ի









































