Թուրքական Miliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին (26-րդ) պետ Իլքեր Բաշբուղը մասնակցել է Էրզրումում Աթաթուրքի անվան համալսարանում կազմակերպված «Ազգային քաղաքականություն, Մերձավոր Արևելք ու Թուրքիա» խորագրով համաժողովին:
Իր ելույթում Բաշբուղը հայտարարել է նաև իր ամենամեծ երազանքի մասին, այն է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միավորումը:
«Իմ գլխավոր երազանքն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը տեսնեմ որպես միասնական պետություն: Մի՞թե մենք չենք ասում «Մեկ ազգ, երկու պետություն»: Մենք նաև միմյանց հետ շփվում ենք առանց թարգմանիչների: Սակայն, ցավոք, դա անհնար է: Թույլ չեն տա: Սակայն կցանկանայի, որ լինեին համապատասխան պայմաններ»,- ասել է նա:
Բաշբուղն ընդգծել է, որ խոշոր ուժերը թույլ չեն տա, որ Թուրքիան դառնա տարածաշրջանային ուժ: Բաշբուղի խոսքով՝ տարածաշրջանային ուժ լինելու համար Թուրքիան պետք է ունենա ուժեղ տնտեսություն, ուժեղ քաղաքականություն և ուժեղ բանակ:











































