«Պանամայի փաստաթղթերի» շուրջ բռնկված սկանդալին մասնակից Mossack Fonseca իրավաբանական ընկերությունը պատրաստ է համագործակցել Պանամայի դատախազության հետ, որը հետաքննում է ընկերության գործունեությունը: Այս մասին հայտնում է նիկարագուական La Prensa պորտալը՝ հղում անելով ընկերության չորեքշաբթի տարածած հայտարարությանը:
«Ինչպես միշտ արել ենք մոտ 40 տարի՝ մենք պատրաստ ենք եռանդով նորից համագործակցել իշխանությունների հետ նրանց վերջին հետաքննություններում՝ իրավիճակը հնարավորինս շուտ հստակեցնելու համար»,- ասվում է բյուրոյի տարածած հայտարարության մեջ:
Պանամայի դատախազությունը երեքշաբթի և չորեքշաբթի խուզարկություններ է անցկացրել Mossack Fonseca-ի գրասենյակում՝ նշում է պորտալը: Խուզարկություններ են տեղի ունեցել նաև Պերուում և Սալվադորում ընկերության ներկայացուցչություններում:
Հիշեցնենք. Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) կիրակի հրապարակել էր հատվածներ 11.5 մլն փաստաթղթերից, որոնք վերաբերել են մի շարք գործող և նախկին համաշխարհային առաջնորդների օֆշորային հաշիվների։ Հաշվետվությունները, որոնց տրվել էր «Պանամայի փաստաթղթեր» անվանումը, հիմնված են Mossack Fonseca-ից տեղեկատվական արտահոսքի վրա, որն իրավաբանական աջակցություն է ցույց տալիս օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցմանը։











































