Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ նավթարդյունահանող երկրների միջև նավթի արդյունահանման սառեցման մասին համաձայնագիրը հնարավոր է նաև առանց Իրանի մասնակցության:
«Ամեն ինչ հնարավոր է, որովհետև դրանք բաց փաստաթղթեր են: Բոլորը, ովքեր ցանկանում են միանալ դրանց, միանում են: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում միանալ, ապա նրան որևէ մեկը չի հարկադրի դա անել»,- ասել է նախարարը:
Նովակը հաստատել է Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ան-Նուայմիի հետ բանակցությունների փաստը: Նա վաղաժամ է համարել հայտնելը, թե ինչ է քննարկվելու ապրիլի 17-ին Դոհայում կայանալիք նավթարդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը համաձայնվել է մասնակցել Դոհայի հանդիպմանը:









































