ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունն ու Վաշինգտոնի դաշնակից երկրների հատուկ ծառայությունները պատրաստվել են Սիրիայի չափավոր ընդդիմությանն ուղարկել նոր սպառազինություններ, այդ թվում՝ ՀՕՊ միջոցներ, եթե Սիրիայում հրադադարը տապալվի։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտոնյաների շրջանում իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ «Պլան Բ»-ով նախատեսվել է չափավոր ընդդիմությանն ավելի հզոր սպառազինություններով ապահովել, եթե մարտական գործողությունների դադարեցման մասին 6 շաբաթ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը խափանվի։
Հրապարակման մեջ նշվում է, որ կոալիցիայի անդամները եկել են համաձայնության «Պլան Բ»-ի հիմնական սկզբունքների վերաբերյալ, սակայն Սպիտակ տունը դեռևս պետք է հավանություն տա սպառազինությունների կոնկրետ համակարգերի ցուցակին, մինչ դրանք կարող են հայտնվել մարտի դաշտում։
«Պաշտոնյաները հայտնում են, որ ԿՀՎ-ն և տարածաշրջանում նրա գործընկերները դիտարկում են ՀՕՊ տարբեր համակարգեր, այդ թվում՝ խորհրդային ժամանակաշրջանի, որոնք կլինեն աելի քիչ շարժական»,- ասվում է հրապարակման մեջ։ Սակայն պաշտոնատար անձանց խոսքով, ովքեր մասնակցում են քննարկմանը, այլընտրանքային համակարգերը՝ այնպիսիք, ինչպիսիք են ՀՕՊ մարտկոցները, որոնք տեղադրվում են մեքենաների վրա, կարող են լինել ավելի հեշտ թիրախներ։









































