Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում այսօր տեղի են ունենալու «Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա» և «Բենֆիկա» – «Բավարիա» պատասխան խաղերը:
Առաջին խաղից հետո «Բարսելոնա»-ն կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու լավ հնարավորություն ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղթանակ է տարել: Բայց և այնպես Մադրիդի «Ատլետիկո»-ն անդառնալի իրադրությունում չէ, և անգամ 1:0 հաշվով հաղթանակի դեպքում կնվաճի կիսաեզրափակիչի ուղեգիր: Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 2:1 հաշվով՝ կատալոնական ակումբի հաղթանակով: Այսպիսով՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի՝ 1 գնդակի տարբերությամբ ցանկացած հաղթանակի դեպքում(բացառությամբ 1:0, 2:1 հաշիվների) հաջորդ փուլ կանցնի «Բարսելոնա»-ն, «Ատլետիկո»-ի՝ երկու և ավելի գոլերի տարբերությամբ հաղթանակի դեպքում մադրիդյան ակումբը կանցնի կիսաեզրափակիչ, իսկ «Բարսելոնա»-ի հաղթանակի ու ոչ-ոքի արդյունքի դեպքում հաջորդ փուլ կանցնի կատալոնական ակումբը: 2:1 հաշվով մադրիդյան ակումբի հաղթանակի դեպքում կլինի ավելացված ժամանակ:
«Բենֆիկա» – «Բավարիա» դիմակայությունում ևս գործնականում ոչինչ դեռ որոշված չէ: Առաջին խաղում բավարական ակումբը Մյունխենում հաղթել է նվազագույն հաշվով: Պորտուգալական ակումբը կիսաեզրափակիչի ուղեգիր կարող է նվաճել միայն հաղթանակի դեպքում, այն էլ՝ 2 կամ ավելի գնդակի տարբերությամբ: 1:0 հաշվի դեպքում կլինի ավելացված ժամանակ: Բացի վերոնշյալից, խաղի ցանկացած այլ ելքի դեպքում կիսաեզրափակիչ դուրս կգան գերմանացիները:
Նշենք, որ երկու հանդիպումներն էլ տեղի են ունենալու այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:





































