Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շանլըուրֆա (Ուրֆա) այցելած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մի շարք ուժեր Սիրիայի և Իրաքի խառնաշփոթ վիճակը փորձում են տեղափոխել Թուրքիա, սակայն Թուրքիան երբեք չի վերածվի Սիրիայի:
«Ինչ-որ մեկը ցանկանում է Թուրքիային ներքաշել հրե օղակի մեջ, սակայն երիտասարդներին հայտնի է, որ այսօրվա Թուրքիան ոչ թե Սիրիա է, այլ գլոբալ ուժ։
Սիրիայի խնդրի կարգավորումը բարդանում է օրեցօր։ Չնայած բազմակի զգուշացումներին՝ Ասադի վարչակարգը չի դադարեցրել ժողովրդի դեմ բանակն օգտագործելը։
Այդ կապակցությամբ միջազգային հանրության լռությունը թույլ չի տվել հարցը լուծել դրա համար պատեհ առիթի ժամանակ։ Արդյունքում այն ձեռք է բերել անդառնալի բնույթ և դրա համար ստիպված է հատուցել Սիրիայի ժողովուրդը»,- ասել է նա։
Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիայի տարածքում ապաստան է գտել մոտ 3 միլիոն սիրիացի։ Դավութօղլուն վստահություն է հայտնել, որ Սիրիայի ժողովուրդը մի օր կկառուցի այն ապագան, որը նա է ցանկանում, և որ այդ գործընթացում ամենամեծ ներդրումը «կունենա» Թուրքիան։









































