«Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել կոչով պետական սահմանի վերազինման եւ սահմանամերձ տարածաշրջանների աջակցության նախաձեռնություն ստեղծելու մասին:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«- Հաշվի առնելով ադրբեջանական վերջին ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ
– Խորապես մտահոգված լինելով դիպուկահարների, ծանր հրետանու կիրառման, դիվերսիոն խմբերի գործողությունների ակտիվացման փաստով
– Անթույլատրելի համարելով Ադրբեջանի կողմից ագրեսիվ ռազմական գործողությունների շարունակական աճը եւ ակտիվացումը նաեւ ՀՀ սահմանամերձ տարածաշրջանում
– Ելնելով այն փաստից, որ երրորդ սերնդի պատերազմի ժամանակաշրջանում պաշտպանության կարեւորագույն մեխանիզմներն են հանդիսանում սահմանային մշտադիտարկման, հակառակորդի հետ շփման գծի տեխնիկական վերահսկողության իրականացումը ժամանակակից սարքավորումների միջոցով
– Գերակա համարելով մեր զինծառայողների անվտանգության եւ պաշտպանվածության ապահովման հրամայականը
– Միանշանակորեն համարելով, որ պետությունը եւ հասարակությունը պետք է պաշտպանեն իրենց զինվորին, ինչպես զինվորները պաշտպանում են ազգին եւ ժողովրդին
– Նպատակ հետապնդելով ձեւավորել համապատասխան միջոցներ եւ գործիքակազմ աջակցելու համար սահմանների վերազինման կարեւորագույն հրամայականին
– Խնդիր դիտարկելով ձեւավորել համապատասխան մեխանիզմ բոլոր շաhագրգիռ անձանց եւ կազմակերպությունների համար, որոնք ցանկություն կունենան մասնակցել սահմանների արդիականացման եւ տնտեսական վերազինման աջակցության հայրենանվեր գործին:
Հայտարարում եմ.
Պետական սահմանների տեխնիկական վերազինման եւ սահմանամերձ տարածաշրջաններին աջակցության ազգային նախաձեռնության մասին, որի շարունակական զարգացումը կարող է վերաճել հատուկ հիմնադրամի ստեղծման, որի առաքելությունը կլինի վերազինել մեր սահմանային ենթակառուցվածքները տեսանկարահանող սարքերով, կապի ժամանակակից համակարգով եւ ինչու ոչ նաեւ նպաստել սահմանամերձ տարածաշրջանների անվտանգության բարձրացման հայրենանվեր առաքելությանը:
Շնորհակալաություւն եմ հայտնում այն ավելի քան 150 հասարակական կազմակերպություններին, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել իմ նախաձեռնությանը
Շնորհակալություն եմ հայտնում ավելի քան 150 գործարարներին եւ կազմակերպություններին Հայաստանից, Ռուսաստանից եւ սփյուռքի այլ բնակավայրերից, ովքեր պատրաստակամոււթյուն են հայտնել սատարել իմ նախաձառնությանը
Երախտիքի խոսք եմ հղում բոլոր այն ԶԼՄ-ների ղեկավարներին, ովքեր պաշտպանում են իմ այս նախաձեռնությունը, որի առաջին արտացոլումը կդրսեւորվի ապրիլի 22-ին Հ3 հեռուստաընկերության կողմից կազմակերպվող հեռուսամարաթոնի ժամանակ
Վստահ եմ, որ հայրենիքի համար այս դժվարին ժամանակաշրջանում բոլորս պետք է միաբանվենք ու համախմբվենք՝ ներդնելով մեր լավագույն ջանքերը եւ հնարավորությունները աջակցելու հայրենիքի պաշտպանության սոււրբ եւ ազգանվեր գործին:
Առաջիկա օրերին կներկայացնեմ նախաձեռնությունը սատարող կազմակերպությունների եւ անհատների ցանկը:
Երախտապարտ կլինեմ օգտակար առաջարկությունների եւ աջակցության համար:








































