Այսօր Սիրիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ` ընդդեմ գործող ռեժիմի և ի պաշտպանություն ձերբակալված հարյուրավոր ցուցարարների: Ուրբաթօրյա աղոթքից հետո հազարավոր մարդիկ անցել են Դամասկոսի փողոցներով: Այս մասին հաղորդում է SkyNews-ը: Դամասկոսից հյուսիս-արևելք գտնվող Թել քաղաքում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա: Ըստ Reuters գործակալության` կան սպանվածներ:
Դամասկոսի արվարձանային Սաքբա քաղաքում, որտեղ օրերս տեղի էին ունեցել զանգվածային ձերբակալություններ, ավելի քան 2.000 մարդ անցել է քաղաքի փողոցներով` պահանջելով ձերբակալվածների ազատ արձակում, հաղորդում է Reuters-ը:
Այսօր տանկեր են մտցվել Դամասկոսի հարևանությամբ գտնվող Դումա քաղաք, ինչպես նաև հակակառավարական ցույցերի կենտրոններից մեկը` Հոմս քաղաք: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Ակնհայտ է, որ զինված ուժերին նույնիսկ տանկերով չի հաջողվում զսպել երկրում ծայր առած ապստամբությունը: Չնայած հարյուրավոր զոհերին, հազարավոր ձերբակալվածներին և վիրավորներին, գրեթե ամեն օր Սիրիայի տարբեր մասերում տեղի են ունենում բողոքի զանգվածային միջոցառումներ: