ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հորդորել է բոլոր երկրների ղեկավարներին՝ մասնակցել առաջին Համաշխարհային մարդասիրական գագանաժողովին, որը մայիսի 23-24-ին տեղի է ունենալու Ստամբուլում: Զեկույցով ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի առջև՝ նա հայտնել է, որ սկսվել է համաժողովի նախապատրաստման «վերջին, վճռորոշ փուլը»: Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Ահա այն ուղերձը, որը ես խնդրում եմ ձեզ փոխանցել ձեր մայրաքաղաքներ՝ ամենաբարձր մակարդակով մասնակցե՛ք Ստամբուլի գագաթնաժողովին և առաջատարությու՛ն ցուցադրեք 21-րդ դարի հսկայական մարտահրավերներին հակազդելու գործում: Ցու՛յց տվեք, որ մենք պատրաստ ենք միասին աշխատել»,- ասել է Պան Գի Մունը՝ դիմելով կազմակերպության անդամ 193 երկրների դիվանագետներին: Նրա խոսքով՝ Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովը «եզակի հնարավորություն» է առաջարկում՝ պատասխանելու աշխարհն ընդգրկած բազմաթիվ ճգնաժամերի, ինչպես նաև աջակցելու այն 125 մլն մարդկանց , ովքեր շտապ մարդասիրական օգնության ու պաշտպանության կարիք ունեն:
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, գագաթնաժողովի առաջին օրը տեղի կունենա հանդիպում պետությունների ու կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում ծրագրվում է քննարկել «մարդասիրական գործունեության ոլորտի հինգ հիմնական ուղղություններ»: Նրա խոսքով՝ դրանք ներառում են պատասխանատվության ապահովումը հակամարտությունների կանխման ու դադարեցման համար, օրենքերի և պատերազմի կանոնների հարգումը, մարդասիրական ճգնաժամերի հաղթահարման համար պայմանների ստեղծումը, ինչպես նաև ներդրումների ավելացումը մարդասիրական գործունեության բնագավառում։











































